ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
«Զարթօնք»ի Արցախի Աշխատակից
«ԶԱՐԹՕՆՔ», «ՍԵՊՏԵՄԲԵՐԵԱՆ ԲԱՑԱՌԻԿ», ՊԷՅՐՈՒԹ – Ինչպէս Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետութիւնում, այնպէս էլ Սեպտեմբերի 21-ին Արցախում տօնական միջոցառումներն այնքան էլ շատ չեն: Զարմանալի է թուում, այդպէս չէ՞: Բայց առաջին հայեացքից անհասկանալի այս երեւոյթը բաւական երիտասարդ պատմական արմատներ ունի. յատկապէս աւագ սերունդը, որ ականատես է եղել 1990-ականների զարգացումներին, յիշողութիւնը մի փոքր փորփրելով, ինքն էլ կը գտնի պատասխանները: Պատմական էքսկուրսն աւելի շատ երիտասարդների համար է: Արցախեան շարժումը սկսուեց Միացում կարգախօսով: 1988թ. Փետրուարին Շարժման հրապարակային փուլը սկսուեց: Պահանջը, որ մինչ այդ կար պահանջագրերում, դիմումներում, դարձաւ հրապարակ դուրս եկած հարիւր-հազարաւոր ցուցարարների սեփականութիւնը: Եթէ հաշուի առնենք, որ այդ պահանջագրերի տակ առնուազն 90 հազար մարդ էր ստորագրել այդ տարիներին, կարող ենք համարել, որ Արցախում այդ թեմայով հանրաքուէ է անցկացուել: Այլ կերպ ասած, Արցախի հայութիւնն իր ապագան պատկերացնում էր միայն Հայաստանի Հանրապետութեան հետ: 1988-ի Փետրուարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհրդի նստաշրջան էլ պաշտօնապէս բարձրացրեց արցախցիների՝ Ազրպէյճանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու պահանջը: Աւելորդ է ասել, որ արցախահայութեան այս ձգտումը ողջ խորութեամբ ընկալուում էր Խորհրդային Հայաստանում: Սակայն հետագայ երկու տարին Արցախում եւ Արցախի շուրջ իրավիճակը շատ է փոխուել: Միացում կարգախօսն աստիճանաբար փոխարինուեց անկախութեան գաղափարով: Արդիւնքում, ստացուեց այնպէս, որ Արցախի Հանրապետութիւնը հռչակուեց 1991-ի Սեպտեմբեր 2-ին, իսկ նոյն թուականի Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ում անկախութեան հանրաքուէն կայացաւ, համաժողովրդական քուէարկութեամբ հաստատելով 1990թ. Օգոստոսին ընդունուած անկախութեան հռչակագիրը: Ո՞վ կամ ովքե՞ր էին մեղաւոր դրա համար, լա՞ւ է դա, թէ՞ վատ՝ հարցի միւս կողմն է: 27 տարի անց այդ հարցի մասին դեռ տարբեր կարծիքներ են շրջանառուում: Փաստն այն է, որ այսօր երկու տօն ունենք, Սեպտեմբերի 2-ը եւ Սեպտեմբերի 21-ը: Երկու դէպքում էլ կան փոխադարձ նեղացածութեան որոշակի տրամադրութիւններ: Տօնի առթիւ միմեանց շնորհաւորելով՝ ՀՀ-ում եւ Արցախում ապրող իմ ընկերներից շատերը յաճախ կէսկատակ-կէսլուրջ անդրադառնում են հարցին, թէ ո՞ւր մնաց ՄԻԱՑՈՒՄ-ը: Միայն այդ պարզ հարցադրումը ցոյց է տալիս, որ շարքային հայը դեռ հարցեր ունի եւ որոշ դէպքերում փորձ է արուում այդ հարցերին պատասխանելու փոխարէն հայութեան տարբեր հատուածների միջեւ բաժանարարներ գծել՝ հայաստանցի-ղարաբաղցի պիտակաւորումներով: Օրուայ գերխնդիրը՝ թէ Սեպտեմբերի 2-ին, թէ Սեպտեմբերի 21-ին, պէտք է այն լինի, որ անցած ճանապարհը եւ կատարուած ընտրութիւնը հաւաքական հայութեանը հասկանալի եւ հիմնաւոր ներկայացուի, որպէսզի որեւէ հայի մօտ տարակուսանք չմնայ՝ նախ՝ ինչու այսօր ունենք առանձին-առանձին Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն եւ ապա՝ որն է մեր համազգային նպատակը, ձգտման կէտը: Սա խնդիր է, որի մասին պէտք է խօսել ոչ միայն տօն օրերին: Իսկ տօն օրերին, լինի դա Սեպտեմբերի 2-ը, թէ Սեպտեմբերի 21-ը, հայը հային միայն շնորհաւորել կարող է, վստահ, որ եթէ Արցախը հայութեան ճակատն է, ապա Հայաստանի Հանրապետութիւնը թիկունքն է, Սփիւռքն էլ՝ ձեռքերն ամէնուր: Յարատեւութեան գաղտնիքն ակներեւ է, ճակատը պէտք է անխոցելի լինի, թիկունքը ամուր, ձեռքերը՝ ամենահաս: Իսկ եթէ Միացեալ Հայաստանի կառուցման ճանապարհին վաղն էլ առանձին Ջաւախքի կամ Վանի անկախութեան տօն ունենանք, հաստատ չարժի նեղսրտել:
Ստեփանակերտ






