Երկուշաբթի, 17. 03. 2025

spot_img

Գնացինք Արեւմտեան Հայաստան, Բայց Վերադարձանք Թուրքիայից

ԱՆՆԱ ՆԱԶԱՐԵԱՆ

Հայրենիք հասկացողութիւնը մեզի համար ամբողջութիւն մըն է, որմէ բնականաբար անմասն չէ Արեւմտեան Հայաստանը:

Մեր Մեծ Երազի ճանապարհը, լիիրաւ Ազատ եւ անկախ Հայաստանի, անպայմանօրէն կ՛անցնի Արեւմտեան Հայաստանէն:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ, Հայաստանի Անկախութեան նուիրուած «Զարթօնք»ի բացառիկին մէջ ուզեցինք իւրայատուկ ձեւով ընդգրկել նաեւ Արեւմտեան Հայաստանը, որուն համար խնդրեցինք վերջերս հոն այցելած թերթիս ազնիւ բարեկամուհիէն իր ապրումներն ու յոյզերը փոխանցէ մեզի առ ի հրատարակութիւն:

Ստորեւ կը ներկայացնենք արդիւնքը:

«Խմբ.»

«ԶԱՐԹՕՆՔ», «ՍԵՊՏԵՄԲԵՐԵԱՆ ԲԱՑԱՌԻԿ», ՊԷՅՐՈՒԹ – Ես Աննա Նազարեանն եմ: Ծնուած 1980թ-ին քաղաք Երեւանում: Ազգութեամբ հայ եմ, ծնողներս երկուքն էլ Հայաստանում ծնուած հայ են: Սակայն նրանց երկուքի արմատներն էլ սկիզբ են առնում Արեւմտեան Հայաստանից:

Ես իմ ողջ կեանքի ընթացքում լսել եմ նրանցից, բայց աւելի շատ իհարկէ նրանց ծնողներից, այսինքն՝ տատ ու պապիցս Արեւմտեան Հայաստան արտայայտութիւնը, որը արտասանելիս միշտ նրանց աչքերում այդ պահին յայտնուում էր մի հայելի, որը ցոյց էր տալիս ինձ նրանց մտքերի խորութիւնը ու հոգու ցաւը: Այդ պահերին նրանք սովորաբար չէին խօսում: Դա մի դադար էր, որի ընթացքում նրանք լռում էին, ու ես ինքս էի այդ հայելու մէջ տեսնում նրանց ցաւը:

Ինչպէս ցանկացած աշակերտ, դպրոցում ծանօթացայ պատմութեան այդ էջերին: Իսկ երբ աւելի գիտակից տարիքում էի, տատիս խնդրեցի, որ պատմի ինձ մեր գերդաստանի պատմութիւնը: Այնուհետեւ սկսեցի այս թեմային վերաբերուող իւրաքանչիւր գիրք, որն յայտնուում էր ձեռքիս տակ, ընթերցել: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանը նոր էր դուրս եկել Սովետական Միութեան կազմից, եւ նմանատիպ թեմաներով գրականութիւնը առանձնապէս հասանելի չէր: Իսկ համացանցի հետ մարդկութիւնը ընդհանրապէս դեռ ծանօթ չէր: Տեղեկութիւնները բաւականին սակաւ էր, իսկ հետաքրքրութիւնս գնալով աճում էր ու հասունանում մի ցանկութիւն: Տեսնել Արեւմտեան Հայաստանը:

Հաւանաբար, ինձ նման  այդ ցանկութիւնով ապրող  մարդկանց քանակը բաւականին մեծ է: Եւ, ինչպէս ասում են, եթէ կայ պահանջարկ, ուրեմն կը լինի նաեւ առաջարկ: Այստեղից վերջանում են զգացումները եւ սկսում է պիզնեսը:

  «Դուք ուզում էք այցելել ձեր պապերի երկի՞ր, ուրեմն զանգահարէք  …  …  …»:

Ես զանգեցի այս գովազդին վրայ նշուած համարին:

… Եւ ուղեւորուեցի Արեւմտեան Հայաստան:

Սակայն առաջին իսկ պահից, երբ մուտք էի գործում Թուրքիա, ստիպուած եղայ սթափուել:                                             

Խումբը, որում ես ընդգրկուած էի, բաղկացած էր 15 չափահաս մարդկանցից եւ 1 երեխայից: Թուրք սահմանապահը, սովորականի պէս կատարում էր իր աշխատանքը, ստուգում  բոլորիս անձնագրերը, անձնական իրերը եւ պայուսակները: Սակայն երբ հերթը հասաւ հայ երեխային, նա  անգլերէնով  հարցեր սկսեց տալ: Երեխան  վարժ խօսում էր անգլերէն եւ բաւականին վստահ պատասխանեց թուրք սահմանապահի բոլոր հարցերին:         

Սկզբում ես անկեղծ մտածեցի, որ սահմանապահը պարզապէս ուզում էր երեխային ընկերական վերաբերուել, կամ գուցէ ստուգել նրա զարգացածութեան աստիճանը: Շատ ծիծաղելի վիճակում էի  ես  այդ պահին, քանի որ հպարտ էի ինձ զգում, որ այդ հայ երեխան այդքան վարժ ու վստահ կարողացաւ անգլերէնով պատասխանել թուրք սահմանապահի բոլոր հարցերին: Երեւի 100 տարի առաջ էլ էին այդպէս իրենց զգում հայերը, որոնք ապրում էին այդ հողի վրայ:

Յանկարծ ինձ սթափեցրեց մեր խմբի ուղեկցորդի ձայնը, նա նկատողութիւն արեց երեխային ասելով.  «Լռիր, քանի քեզ տեփորթ (արտաքսել – խմբ.) չեն արել»: Չհասկանալով այդ պահին ողջ կատարուածը՝ որոշեցի, որ  երբ նստենք մեր ճամբորդական փոխադրակառք, ես կը հարցնեմ  երեխային  կատարուածի մասին: Ուզում էի հասկանալ՝ ինչո՛ւ մեր ուղեկցորդը բարկացաւ նրա վրայ: Պարզուեց, որ թուրք-սահմանապահը միքանի ընկերական հարց տալուց յետոյ երեխային հարցրել է.                                                                               

– Դու գիտե՞ս՝ ո՛ր երկրում ես գտնուում:                                                                     

– Այո՛, գիտեմ, սա Թուրքիան է:

– Իսկ դու դէպի ո՞ւր ես ուղեւորուում:                                                                          

– Արեւմտեան Հայաստան:                                                                                         

Այդ պահի քմծիծաղը թուրք սահմանապահի դէմքին այնքան տպաւորիչ էր ինձ համար, ու ես ինձանից անկախ յիշեցի տատիս աչքերը, երբ նա իմ խնդրանքով պատմում էր իրենց ընտանիքի պատմութիւնը:                    

100 տարի ապրած  պատմութիւնը աւարտուեց այդ քմծիծաղով:                       

Բարի գալուստ  Թուրքիայի  Հանրապետութիւն:

Ճանապարհը երկար էր եւ մեր ուղեկցորդները բաւականին յագեցրել էին մեր ճամբորդութիւնը պատմամշակութային վայրերի այցելութիւններով, որոնցից մի քանիսը գտնուում էին Կարս քաղաքում: Եւ առաջին կանգառը, որ ունեցանք, Կարսում էր: 

Անկեղծ ասած, այս քաղաքում ես ոչ մի վայրկեան ինձ զբօսաշրջիկ չկարողացայ զգալ: Իհարկէ գիտակցում էի, թէ որ երկրում եմ գտնուում, այնուամենայնիւ, տուրիստի հոգեվիճակ ինձ մօտ այդ քաղաքում այդպէս էլ չառաջացաւ: Այդ օրը դեռ չէի հասկանում՝ ինչո՞ւ եմ ինձ այսքան տանը զգում:

Երեւի չքնած վիճակս եւ երկար ճանապարհի յոգնածութիւնը ինձ թոյլ չտուեցին անմիջապէս նկատել այս քաղաքի հին շէնքերը, փողոցների դասաւորուածութիւնը, ու քաղաքում դեռ գոյութիւն ունեցող այն ամէնը, ինչը երբեւէ եղել է այս քաղաքի հիմնական ոճը: Այն ոճը, որը շատ մեծ վարպետութեամբ քաղաքի իշխանութիւնները կարողացել են ստուերել՝ տարիների ընթացքում կառուցելով անթիւ-անհամար նոր շինութիւններ եւ մզկիթներ:

1920թ-ից սկսած այս քաղաքը ապրեցնում են մահմետական կեանքով: Սակայն ես՝ քրիստոնեաս, ինձ այստեղ մերժուած չզգացի:

Յաջորդ կանգառն արեցինք Անիի դարպասների մօտ: Սա ամենասպասուած կանգառն էր ողջ խմբի համար:

Անի՝ հազար ու մի եկեղեցիների քաղա՞ք, թէ արդէն հազար  ու մի դրօշի քաղաք: Բնականաբար խօսքը Թուրքիայի դրօշի մասին է:

Անի՝ ամենաապրած քաղաք: Քոնն է եղել ամենավառ արեւը, քոնն են եղել ամենախորհրդաւոր գիշերները, քոնն են եղել ամենահիասքանչ ճարտարապետական կոթողները, քոնն է եղել ամենահզօր պարիսպը, քոնն են եղել ամենակարեւոր դարպասները, որոնք, ցաւօք, միայն արժանաւորների առջեւ չէ, որ բացուել են:

Եւ այդ դարպասների առջեւ յայտնուեցինք եւ մենք՝ մեր խմբով, որում, ինչպէս ասել էի,  կար մի անչափահաս հայ տղայ, որը Անիի դարպասների մօտ ուսապարկից հանեց հայկական եռագոյնը եւ…                                                                          

….Եւ ոչինչ չարեց, որովհետեւ չհասցրեց: Տարածքը վերահսկող ոստիկանները արագ արձագանգեցին:                      

Դե՜հ, ինչ տղաս, դիր այդ եռագոյնը նորից ուսապարկիդ մէջ, թէ չէ  «աստղ ու լուսինով կարմիրները կը խանդեն» : 

       

Կարծում եմ՝ աւելորդ է բացատրել, թէ ինչ նշանակութիւն ունի Անին իւրաքանչիւր հայի համար: Մեր խմբից ամէն մէկի համար այդ նշանակութիւնը ես նկատեցի նրանց անյագ լուսանկարելու ցանկութիւնից, աւերուած եկեղեցիների պատերից պոկուած քարերի բեկորները իրենց հետ վերցնելուց, կիզիչ արեւի տակ, առանց ջրի ժամերով լուռ քայլելուց: Քայլում էինք ու լսում մեր ուղեկցորդին, որը իհարկէ փայլուն տիրապետում էր պատմութեանը եւ բաւականին հանգամանալից ներկայացնում մեզ այս քաղաքի պատմութիւնը: Սակայն գտնուելով Անիիում, կարծես աւելի շատ ուզում  ես լսել ոչ թէ պատմաբաններին, այլ քաղաքի ուրուականներին: Դե՜հ, իհարկէ, ի՜նչպէս կարող է այսպիսի քաղաքը ուրուականներ չունենալ: Չէ որ այստեղ անհնարին է, որ ոչ ոք չապրի: Եթէ ոչ մարդիկ, ապա գոնէ ուրուականները, գոնէ նրանք շարունակեն քայլել այս փոշոտ ճանապարհներով, աղօթեն այս աւերուած եկեղեցիների խորանների առջեւ, դիմաւորեն եւ ճանապարհեն քաղաքի հիւրերին:

10 օր տեւեց մեր  ճամբորդութիւնը, այդ ընթացքում մենք հասցրեցինք լինել  Կարսում, Անիում, Մուշում, Պինկիոլում, Այնթապում, Ուրֆայում, Տիարպեքիրում, Պիթլիսում, Վանում, բարձրացանք Նեմրութ սարը, այցելեցինք Աղթամար կղզին, հիացանք Վանայ լճով ու վերադարձանք։ Սակայ չգիտեմ՝ ինչպէս է ճիշդ ասել, վերադարձանք հայրենիք թէ հայրենիքից։

Մեր խմբի անդամները ճամբորդութեան ընթացքում այս վայրերը այցելելու ժամանակ, իւրաքանչիւրը յիշում ու պատմում էր իր նախնիների պատմութիւնը, որը լսել էր իր ընտանիքի մեծերից։ Ամէն մէկս մեր նախնիների պատմութիւնների ազդեցութեան տակ եղած ենք կայացրել Արեւմտեան Հայաստան այցելելու որոշումը։

Վերադարձի ճանապարհը բոլորիս ակամայից ստիպեց պատկերացնել այն տեսարանը, թէ ինչպէս են մեր նախնիները այս նոյն ճանապարհը անցնում ոտքով ու սայլերով, մանուկները գրկներին, բեռները շալակներին նրանք օրերով քայլել են, ոտքով անցել այս ճանապարհը, որպէսզի փրկուեն։

Վերադարձի ճանապարհին, աւտոբուսի մէջ զրուցում էի հայ տղայի հետ, որը թուրք սահմանապահին ասել էր, որ ուղեւորուում է Արեւմտեան Հայաստան։ Ես հարցրեցի նրան.

– Ի՞նչը քեզ ամէնից շատ դուր եկաւ այս ճամբորդութեան ընթացքում:

Տղան պատասխանեց.

 – Թուրքիայում ամէնից շատ հաւանեցի…   

Ես չկարողացայ ուշադիր լսել այն, ինչ նա պատմում էր։ Որովհետեւ նկատեցի, որ այս տեղանքների մասին խօսելիս նա արդէն օգտագործում էր ոչ թէ Արեւմտեան Հայաստան անուանումը, այլ Թուրքիա։

Գնացինք Արեւմտեան Հայաստան, բայց վերադարձանք Թուրքիայից։

Երեւան

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին