Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Դառն, սակայն ոգևորիչ իրականութիւն

ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ

Այո, այն ինչին, որին այս օրերին մենք վկան ենք դառնում, դա սոսկալի դառն իրականութիւն է: Որ հայ ժողովուրդը, որ մենք, Նիկոլ Փաշինեանի գլխաւորած թաւշեայ յեղափոխութեան յաղթանակի շնորհիւ յանկարծ արթնացանք տանջալի մղձաւանջից և սկսեցինք հպարտ, ազատ, անկաշկանդ, լիաթոք շնչել, ապա այդ պահը շատ կարճ տևեց և մենք ընկանք յաջորդ վիհը, դարձեալ մղձաւանջն է պատել մեզ, սակայն այս անգամ այն շաղախուած է հպարտութեան հետ և ոգևորիչ է, որ վերջապէս վերջին տասնամեակների ընթացքում իրենց պաշտօնները չարաշահած իշխանութիւնները և նրանց մերձաւորները դատարանների առաջ են կանգնելու և պատասխան են տալու, իրենց անօրինական արարքների համար: Միւս կողմից այդ գիտակցութիւնը նաև ցաւատանջ է, յատկապէս սփիւռքահայերիս համար, երբ լսում ենք, որ մեր օրերում, այն էլ մեր երազած հայրենիքում, պաշտօնակատար մարդիկ են գտնուել, ովքեր կորցնելով բոլոր մարդկայինը, նաև իրենց երեխաններին, նաև հայ կնոջը, նաև հայ մօրն են ներքաշել իրենց յանցաւոր արարքների ոլորտը, փաստօրէն նրանց էլ են յանցագործ դարձրել, սրբապղծելով մեր գիտակցութեան մէջ դարեր շարունակ սրբացրած հայ ընտանիքի կոչումը:

Վերջերս ընկերոջս հետ մի զրոյցի ընթացքում մտաբերեցինք այն իրողութիւնը, որ եղեռնից յետոյ իսլամական երկրներում ապաստան գտած հայութեան մօտ, գոնէ վերջին յիսուն տարում, երբևէ չի գրանցուել իր ընտանիքի պատիւը արատաւորող, այն է՝ հայ կանանց առևանգումների և բռնաբարութիւնների դէպքեր: Ապա, եկ հայ մարդ ու «մի՛ խելագարուիր», եթէ լսում ես, որ մերօրեայ հերոսի կոչում ստացած՝ հայ գեներալներ իրենց նման արարքներ են թոյլ տալիս և մնում են անպատիժ: Ո՞վ է ստեղծել նման պայմաններ, այն էլ մեր աչքի առաջ, ռո՞ւսը, ո՛չ, թո՞ւրքը, ո՛չ, ատրպէյճանցի՞ն, ո՛չ, այլ, իրենց ազգային շղարշներով պատած՝ ՀՀՇ-ականներ, ՀՀԿ-ականներ և ուրիշներ… Այո, նման պայմաններ ստեղծել է հայ մարդը, բարոյական բոլոր չափանիշներ կորցրած հայ վերնախաւը: Նրանց յաջողուել է Լևոն Տէր Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի գլխաւորած իշխանութիւնների կողմից ստեղծած չարորակ մթնոլորտում սերմանել այնպիսի պայմաններ ու բարքեր, որտեղ իրենց ամէն ինչ թոյլատրուած էր:

Յատկապէս ցաւատանջ է գիտակցել, որ այդ մարդիկ դրսից չեն եկել, այլ արգասիքն են այն պոտենցեալ յանցագործ էներգիայի, որ տասնամեակներ շարունակ իշխանութիւնների և նրանց մօտ կանգնած անձերի կողմից գործադրուել և արմատաւորուել է նաև հասարակութեան մէջ: Երկրում իշխել է, ոչ թէ օրէնքը, այլ անօրինականութիւնը: Իհարկէ այդ ամէնը ժառանգութիւն է նաև սովետական կարգերից, երբ պետութեան հաշուին հարստանալը, դիտւում էր որպէս՝ «շնորհք», որպէս՝ «ասպետական արարք»: Հէնց այդ յանցաւոր պոտենցեալն էր, որ 90-ական թուականների սկիզբներին յաղթող դուրս եկաւ ազգային աննախադէպ զարթօնքի ընթացքում, երբ հերթական պայքար էր գնում՝ լաւ ու վատի, օրէնքի և անօրինականութեան միջև: ՀՀՇ-ականները աններելի կերպով չուզեցին հիմքը դնել իրաւական պետութեան, և դա այն պարագայում, երբ նրանք շահում էին համայն հայութեան մեծամասնութեան վստահութիւնը:

Դա 90-ական թուականներին էր, Դաշնային Գերմանիայում ՀՀ առաջին դեսպան Ֆելիքս Մամիկոնեանը նոր էր վերադարձել Հայաստանից: Երբ մի հաւաքում, որտեղ բուռն վէճ էր գնում Հայաստանում իշխանութեան լծակների մօտ կանգնած նոր անձերի չարաշահումների մասին, նա որպէս նորութիւն և նաև իր համար որպէս չափազանց մտահոգիչ իրականութիւն, պատկերաւոր ասաց.

«Այն ինչ Հայաստանում այդ մասին ընկերներիցս լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին»:

Այո, նկատի առնելով այն հանգամանքը, թէ ՀՀՇ-ականները ինչպիսի  ժառանգութիւն թողին, կարելի է ասել, որ, եթէ Լևոն Տէր Պետրոսեանն իրեն յարգում է, ապա նա իր հրաժարականից յետոյ, երբևէ չպէտք է զբաղուէր քաղաքականութեամբ, որովհետև նման  իրողութիւնները նախ և առաջ նրա կողմից գլխաւորած ՀՀՇ-ականների ստեղծած թալանի, հինը աւերելու ջանասիրութեան մէջ սեփական շահեր հետապնդելու մտայնութիւնն էր, որը յանգեցրեց ներկայիս իրավիճակին…

Սակայն այսօր ամենաարտառոցը այն է, որ ՀՀ կուսակցութեան անդամներից շատերը՝ նստած խորհրդարանում, կոկորդիլոսի արցունք են թափում, զարմանում են, իրենց անտեղեակ են ձևացնում… Այդ իրենք չեն, ախ, իրե՞նք, նրանք երբեք իրենց նման արարքներ թոյլ չեն տայ: Ո՛վ Աստուած, մի՞թէ իրենց շարքերում նման բան կարելի է կատարուել… Հապա, ինչպէ՞ս հասկանալ, որ երկրի գլխաւոր դատախազը, անվտանգութեան ծառայութիւնները և ոստիկանութիւնը անտեղեակ են ձևանում և չգիտեն, թէ ինչեր են կատարուել Էջմիածնում, Գիւմրիում, Սիւնիքում, փաստօրէն երկրի չորս ծայրերում և այլուր, թէ ինչպիսի տեռորի և ճնշման պայմաններ են ստեղծուել այդ վայրերում, երբ ահազանգեր հնչեցուել են բոլոր կողմերից, նոյնիսկ սփիւռքահայութեան շրջաններում են դրանք յայտնի…

Այո, կարելի էր և՝ ոգևորուած թաւշեայ յեղափոխութեան յաղթանակով, աւելորդ անգամ չյիշել անցեալ իշխանութիւնների՝ ագահութեան բոլոր սահմանները անցնող «շնորհքը», «ճարպկութիւնը», եթէ երէկուայ ընդդիմութիւնը այսօր զերծ լինէր, հայ վերնախաւին յատուկ՝ իշխանամոլութիւնից: Անցեալում ի՞նչ է կատարուել և այսօր ի՞նչ է կատարւում նրանց շարքերում: Ահա այսպէս. ամէն մէկը պէտք է, որ իր կուսակցութիւնը ունենայ, իրենը ստեղծի, ինչպէս դա արել են շատերը և այսօր անում են՝ Ժիրայր Սեֆիլեանն ու ուրիշներ: Ամէն ոք համարում է իր գաղափարները, իր ծրագրերը ամենաճիշդը և դժգոհում է ու զարմանք է յայտնում, որ միւս կուսակցութիւնները պատրաստ չեն համագործակցել իրենց հետ, – Լևոն Տէր Պետրոսեան և ուրիշներ…

Բայց, եթէ նախկին իշխանութիւնների օրօք ուժերի նման ցրուածութիւնը ինչ որ տեղ հասկանալի էր, բայց ոչ արդարացուցիչ, ապա այսօր այն բոլորովին անհասկանալի է, եթէ չասենք՝ աններելի է, որովհետև այսօր մենք վկան ենք մի այլ, բոլորովին նոր, բոլորովին տարբեր մի իրավիճակի, երբ թաւշեայ յեղափոխութեան երիտասարդ ղեկավարները բաւականին կամք, ցանկութիւն ու յամառութիւն են ցուցաբերում, երկրում իրաւական պետութեան հիմքերը դնելու: Սակայն մենք օր օրի վկան ենք դառնում, թէ ինչպիսի բազմապիսի ու բազմաթիւ, կարելի է ասել նաև ահռելի և անլուծելի են թւում այն բոլոր դժուարութիւնները, որոնք ամէն օր, ամէն ժամ ծառանում են նրանց դէմ: Փաստ է, որ թաւշեայ յեղափոխութիւնը յաղթանակել է, բայց դեռ չի ամրապնդուել: Հին սիստեմի գլխաւոր դերակատարը շատ հեշտ նահանջեց, որովհետև ստիպուած էր, հրաժարականներ են տուել մի քանի այլ մեծ ու փոքր դերակատարներ, իսկ միւսները, հին սիստեմի բոլոր արտօնեալները իրենց տեղում են, վտանգը կայ, որ ԱԺ-ի ընտրութիւնների յետաձգման պարագայում նրանք պատեհ առիթի սպասելով և այստեղ-այնտեղ տնտեսական ճգնաժամեր առաջացնելով, կը փորձեն թիկունքից հարուածել յեղափոխութեանը, կը փորձեն խառնաշփոթութիւն ստեղծելով, ապակայունացնել դրութիւնը և զարկ տալ ժողովրդի դժգոհութեանը: Այդ պատճառով էլ այսօր պահի հրամայականն է, որ յեղափոխութեան մօտ կանգնած անձերը, խմբերը, չդիմեն կինտրոնախոյս քայլերի: Բոլորովին անհասկանալի է, աւելորդ և անթոյլատրելի նոր կուսակցութիւններ ստեղծելը: Բոլորիս պարզ է, որ թաւշեայ յեղափոխութիւնը յաղթանակեց Նիկոլ Փաշինեանի՝ երկարամեայ ընդդիմադիր, յետոյ որպէս ԱԺ-ի պատգամաւորի՝ յամառ, համարձակ, գրեթէ միայնակ պայքարի շնորհիւ ով վայելում էր մեծ ժողովրդականութիւն: Պէտք է ամբողջ ուժերով աջակցել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեանը, լրացնել, բազմացնել նրա շարքերը, որպէսզի ապագայ ԱԺ-ում ընտրուած կառավարութիւնը ձայների «ջախջախիչ» մեծամասնութիւն ունենայ, միայն այն ժամանակ հնարաւոր կը լինի աւելի համարձակ և հիմնական պայքար մղել կոռուպցիայի դէմ և արմատական քայլեր անել վերափոխումների և երկրում անդառնալի ժողովրդական պայմաններ ստեղծել:

Մի այլ իրական վախ կայ, որ այսօրուայ Հայաստանի ներքաղաքական դաշտում և Ազգային Ժողովում առկայ կուսակցութիւնների բազմազանութեան հետևանքը լինելու է այն, ինչը տեղի է ունենում Եւրոպայի մի շարք երկրներում՝ Իտալիայում, Յունաստանում, անցեալ տարի նաև Գերմանիայում: Այն է՝ ոչ մի կուսակցութեան, կամ խմբակցութեան չի յաջողւում կառավարութիւն կազմել, կամ, լաւագոյն դէպքում՝ այդ ընթացքը լինում է շատ դժուար և կոմպրոմիսի դէպքում, ստեղծւում է թոյլ և ոչ կայուն կառավարութիւն: Իսկ բոլորս գիտենք, որ Հայաստանի դէպքում դա կը նշանակէր պետականութեան հիմքերի խարխլում և ապագայի վտանգում: Հէնց այդ հանգամանքն էլ համարւում է խորհրդարանական ընտրութիւնների միջոցով կառավարութիւն կազմելու թոյլ և բացասական կողմ: Նման հեռանկարը աչքի առաջ ունենալով, ինքնաբերաբար յիշում ես Շահան Շահնուրի հայութեանը բնորոշող հետևեալ յանդիմանական խօսքերը.

Հայը կը խորշի, կը սոսկայ հպատակութեան գաղափարէն. պզտիկութիւն կը համարէ ուրիշի մը մտածումը բաժնելով միաբանիլ ու գործակցիլ անոր, երբոր հրամայողը ինք չէ: Ինք ինք է և ինք բան մը չէ…

Այստեղ աւելորդ չէր լինի մէջբերել պարոն Աւետիք Իշխանեանի՝ «Հայկական ժողովրդավարութիւն» յօդուածի եզրափակիչ խօսքը, որ տեղադրուած է Յուլիս 5-ի «Հետք»-ի կայքէջում (Արտատպուեցաւ նաեւ՝ ՆՈՐ ՕՐ-ի մէջ – Խմբ.), որտեղ քննարկւում է 1919-2018 թուականներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրութիւնների ընթացքը: Յօդուածում նա ախտորոշում է կատարում, մատը դնում է վէրքի վրայ, որակում է մեզ բոլորիս, իսկ դա պէտք է մեզ չյուզի, չվիրաւորի, որովհետև մենք դրա պատասխանը չունենք:

«Արդ՝ եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիութիւն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիւանդութեան առաջ (ընտրութիւններ կեղծելու պրակտիկան) և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած և դրա դէմ կռուելու, առողջանալու առաջին պայմանն այն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը։ Ապա թէ էդ փրկարար գիտակցութեանը կը հետևեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնիւ գործը։ Ուրիշ ճանապարհ չկայ. ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետև ներսից ենք փճացած»։

 

Պերլին, Յուլիս 2018

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին