Հայաստանի «Առաջին լրատուական»-ի հարցազրոյցը «Զարթօնք»ի գլխաւոր խմբագիր ընկ. Սեւակ Յակոբեանին հետ
Հարցազրոյցը վարեց՝ Քրիսթինէ Աղալարեան.
–Պարոն Յակոբեան, ինչպէ՞ս էք վերաբերուում Հայաստանի կառավարութեան այն որոշմանը, համաձայն որի՝ ՀՀից մօտ 100 զինուորական հումանիտար առաքելութիւն իրականացնելու համար մեկնելու է Սիրիա։
– Եթէ անկեղծ ասեմ՝ իմ վերաբերմունքն այս խնդրի կապակցութեամբ այնքան էլ դրական չէ: «Մարդասիրական առաքելութիւն» հասկացութիւնը սկզբունքօրէն լաւ բան է, սակայն բոլոր կողմերին դրա այդպիսի ընկալումը մենք չէ որ պէտք է կարողանանք պարտադրել: Բացատրեմ միտքս: Հակամարտութեան մը մէջ, եթէ ցանկութիւն ունենանք «մարդասիրաբար» օգնել կողմերից որեւէ մէկին ու դրա ենթակա կամ հաւատարիմ մարդկանց, հակառակ կողմը քո հասկացած «մարդասիրական առաքելութիւնը» կ’ընկալի որպէս «թշնամական արարք»: Հետեւաբար, նման դէպքերում չկայ տիեզերական հասկացութիւն այս խնդրով, մանաւանդ երբ գործը ծայրայեղական ու ոչ այնքան մարդկային կենցաղով ծանօթ կողմերի հետ է:
– Կառավարութեան որոշման մէջ նշուած է, որ հումանիտար առաքելութիւնը պաշտպանելու է Հալէպի հայութեանը։ Արդեօ՞ք դա Հայաստանին թիրախ չի դարձնի ահաբեկչական խմբաւորումների մօտ։
– Նպատակ չունեմ կասկածի տակ առնել ՀՀ կառավարութեան ազնիւ մօտեցումները, սակայն արդեօ՞ք այս մէկը իրականութեան ամբողջութիւնն է: Չեմ կարծում: Բոլորս գիտենք՝ ե՞րբ եւ ի՞նչ պայմանների տակ եկաւ այս որոշումը: Մենք բոլորս գիտենք, որ նման որոշումը տեղական նախաձեռնութիւն կամ արտադրութիւն չէր: Հալէպահայութեանն օգնելու համար ՀՀ կառավարութիւնը պէտք չունի Սիրիայի վարչակարգին օգուտ մարտեր մղող ռուսական բանակին կցորդ (ինչ պիտակի տակ էլ լինի) հայ զինուոր ուղարկելու Սիրիա:
Այս միջոցառումից շատ աւելի ազդու, գործնական եւ նուազ վտանգաւոր միջոցներ կան նոյն նպատակին հասնելու համար: Աշխարհը գիտի, որ ռուսական բանակը տարիներ ի վեր տարածաշրջանում իր երկրի ազդեցութիւնը աւելի ամրապնդելու համար զինուորական ուղղակի միջամտութիւն է արել Սիրիայի տարածքում՝ օգնելու ներկայ վարչակարգին ոտքի վրայ մնալու եւ պայքարել ընդդէմ այդ վարչակարգի ընդդիմադիրների, որոնք կազմուած են զանազան խմբաւորումներից եւ ունեն տարբեր նպատակներ ու ֆինանսաւորուում են ոչ անպայման Ռուսաստանի բարեկամ կամ նրա բարիքը ցանկացող շրջանային եւ միջազգային մրցակից պետութիւնների կողմից: Հետեւաբար այս մրցակցութեան մէջ, ռուսական բանակի կցորդ որեւէ կողմ բարեկամ, անմեղ կամ անվնաս կողմ չի կարող նկատուել բոլորի կողմից ու հաշտ աչքով չի դիտուելու:
Ես հաւատում եմ, որ Հայաստանի նախկին իշխանութեանն էլ էր լինելու նման առաջարկութիւն ռուսական կողմից, քանի որ Սիրիայում ռուսական միջամտութիւնը նոր չէ: Չգիտեմ, սակայն թէ ինչպէ՞ս է նախկին իշխանութիւնը կարողացել շրջանցել նման առաջարկը եւ լաւ է արել: Հայաստանը մինչեւ հիմա կարողացել է իր հնարաւորութիւնների սահմաններում պահել իր չէզոք դիրքը սիրիական ներքին խնդիրների վերաբերեալ:
Այս անգամ իրավիճակը տարբեր է: Քանի որ Հայաստանի ներկայ իշխանութիւնների կապերը Ռուսաստանի հետ լաւագոյն մակարդակում չեն, ռուսական կողմից եկած այս սպասելի առաջարկը հնարաւոր չեղաւ մերժել բոլորիս յայտնի պատճառներով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստան իր վերջին այցելութիւնից օրեր առաջ յուշում էր մարդասիրական գործակցութեան մի ծրագրի մասին, այս ձեւով տուրք տալով Ռուսաստանին ու ակնկալելով բարենիշ ու նրա բարիդրացիական ու զօրակցական վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանութեան հանդէպ: Սխալ չհասկանաք, սա հակառուսական կեցուածք չէ: Ընդհակառակը: Սակայն շատ կ’ուզէի, որ ՀՀ ներկայ իշխանութիւնների յարաբերութիւնները Ռուսաստանի հետ այնպիսի հաւասար մակարդակի վրայ լինէին, որ կարողանար ազնուութեամբ շրջանցել այս պարտադրանքը ճարահատեալ չենթարկուէր դրան:
Ամփոփելով կարող եմ ասել, որ ՀՀ-ից մօտ 100 զինուորների տարածաշրջան ժամանումը աւելի շատ տուրք է, քան հումանիտար առաքելութիւն: Տա՛ Աստուած, որ այդ տուրքը սահմանափակուի միայն 100 հայ զինուոր տրամադրելով Սիրիայում գործող ռուսական բանակին, քան թէ այդ տուրքը մեզ համար լինի այնքան ճակատագրական, որ դրսեւորուի ահաբեկչական գործողութիւններով ռուսական ներկայութիւնից դժգոհ կամ վնաս ստացող ահաբեկիչների կողմից, որոնք կարող են մինչեւ իսկ ուղղակի Հայաստանը թիրախաւորել:
–Հումանիտար առաքելութիւնը իրականացուելու է ՀՀ դրօշի ներքոյ։ Հայաստանն անվտանգութեան տեսանկիւնից ի՞նչ խնդիրներ է ունենալու ըստ Ձեզ։
-Իմ կարծիքով պատերազմական կամ մարդասիրական առաքելութեան համար ուրիշ հողում գործող ռուսական հզօր կողմի համար իր սեփական երկրի անվտանգութիւնը հաշուի առած է եւ լաւագոյնս հսկուում է: Նոյնը չեմ կարող ասել Հայաստանի համար, որի մարդասիրական առաքելութիւնը կարող է սխալ մեկնաբանուել ահաբեկիչների կողմից, որոնք կարող են բուռն հակադարձել, քանի դեռ մեր երկրի անվտանգութեան տնօրէնը ինքն իր հեռախօսային խօսակցութեան անվտանգութիւնն ապահովելու կարողութիւնը չունի ըստ երեւոյթին…:
–Արդեօ՞ք զինուորականների մեկնումը Սիրիա չի դիտուի որպէս ռազմական միջամտութիւն, չնայած որ ՀՀ պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարները յայտարարել են, թէ նրանք իրականացնելու են բացառապէս հումանիտար առաքելութիւն։
-Առաջին անգամը չէ, որ Հայաստանը մարդասիրական օգնութիւն է ցուցաբերում Սիրիայի տառապող ժողովրդին: Սակայն մինչեւ հիմա նիւթական օգնութեան իմաստով այն ինչ ապագայում պիտի կատարուի զինուորականների մասնակցութեամբ, նոյնը չէ:
Հետեւաբար ձեր հարցումը տեղին է: Ռուսական կողմից ճնշուած ահաբեկիչները անպայման հայկական կողմի զինուորական ներկայութիւնը ռազմական միջամտութիւն կը համարեն եւ այս բանը իր հետեւանքները կարող է ունենալ ոչ միայն համեմատաբար հեռու Հայաստանի համար, այլ նոյնիսկ Սիրիայում՝ հալէպահայութեան վրայ:
Սա էլ ասեմ, որ աշխարհագրական իմաստով մասնատուող Սիրիայի ապագայ քարտէզի մէջ ես Հալէպը ներկայ վարչակարգի ձեռքը մնալիք «Ալավիստան»ի սահմաններում չեմ տեսնում ու Հալէպի հայութիւնը կարող է յանկարծ յայտնուել այնպիսի իրավիճակի մէջ, որ նման է այսօրուայ քամիշլիին ու դրա շրջակայքին: Այս մտահոգութիւնս այս առիթով ուզում եմ կիսել հալէպահայութեան ու հայրենի պետութեան հետ:
– Ի՞նչ կը տայ Հայաստանին Սիրիայում հումանիտար առաքելութեան անցկացումը՝ դրական եւ բացասական իմաստով։
-Իմ կարծիքով բացի Հայաստանի նոր իշխանութիւնների՝ ռուսական կողմից դրական բարենիշ ստանալու ակնկալիքից, Հայաստանն ու հայութիւնը ոչ մի օգուտ չի կարող ստանալ նման միջամտութիւնից: Շատ կուզէի՝ աւելի լաւատես լինել:
– Քաղաքական տեսանկիւնից եթէ նայենք, Հայաստանի այս որոշումը պաշտօնական Ուաշինկթընի մօտ դրական չի ընդունուել։ Քաղաքական առումով ՀՀ–ն ի՞նչ վիճակում կարող է յայտնուել։
– Ինչպէս վերը նշեցի՝ Սիրիայում տեղական եւ միջազգային ուժեր իրար դէմ մարտնչում են իրենց շահերի համար: Կողմերից մէկը բնականաբար Ամերիկան է, դիմացի ճամբարի պարագլուխն է Ռուսաստանը: Հիմնուելով այս տուեալների վրայ` բնական է, որ Ուաշինկթընին բնաւ դուր չէր գալու Հայաստանի այս որոշումը եւ քաղաքական իմաստով Հայաստանի կառավարութիւնը, որը ռուսական կողմի հետ յարաբերութեան գծով լաւագոյն օրերը չի ապրում, ինքնըստինքեան շուտով դէմ հանդիպման պիտի ընդունի նաեւ ամերիկեան դժգոհութիւնը: