Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ուիլիըմ Սարոյեանն ու իր «շալվարը»…

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   Այս օրերին ողջ հայ աշխարհի մտաւորականութիւնը (եւ ոչ միայն) բեւեռուած է մեծանուն գրող Ուիլիըմ Սարոյեանի Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքի տուն-թանգարանի վրայ, որի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ անցեալ ամսուայ նախա­վերջին օրը` Օգոստոսի 30-ին, ազգային արժանապատուութեան մի նոր ալիք առաջ բերելով հայ գրողների եւ գրասէր հասարակութեան հոգիներում: Միայն զարմանքով կարելի է նկատել, որ նման համաշխարհային իրադարձութեանը ներկայ չեն եղել հայրենիքի ներկայացուցիչներ ոչ Մշակոյթի նախարարութիւնից, ոչ Սփիւռքի նախա­րարութիւնից եւ ոչ էլ Գրողների միութիւնից: Եզրակացութիւնը թողնում եմ ընթեր­ցողին…

   Հայրենի եւ սփիւռքահայ մամուլը լայնօրէն անդրադարձաւ այդ կարեւոր իրադարձութեանը: Կասկածից վեր է, որ նման մի «չարչրկուած» իրադարձութիւնը էլ աւելի կը նպաստի հայաշատ Ֆրեզնօ քաղաքի մշակութային կեանքի աշխուժացմանը եւ աւելի կամ պակաս չափով հնարաւորութիւն կը ստեղծուի հիմնականում անտեսուած հայաշատ կենտրոնը էլ աւելի ճանաչելի դարձնել օտար հասարակութեանը:

   Ես, որ մինչ հայաստանեան թաւշեայ յեղափոխութիւնը շատ չէի հետեւում հայաստանեան եւ տեղական հեռուստատեսային հաղորդումներին, Նիկոլ Փաշինեանից յետոյ մշտապէս հետեւում եմ Լոս Անճելըսի տարբեր կայաններով սփռուող հայկական լուրերին:

   Ուիլիըմ Սարոյեանի Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքի տուն-թանգա­րանի բացման, եւ ի մասնաւորի նրա կեանքի եւ գործունէութեան մասին համապարփակ հաղորդում սփռուեց PanArmenian հեռուստածրագրով: Հաղորդման հեղինակ Անուշ Սեդրակեանը իսկապէս տեղեակ էր մեծ գրողի կեանքին եւ գործունէութեանը վերաբերուող բազմաթիւ տարաբնոյթ մանրամասների:

   Սակայն հաղորդումից լաւագոյն տպաւո­րու­թիւն ստանալու մեր ցանկութիւնը, մեղմ ասած `խաթարուեց երկու պատճառով: Առաջինը` «գրողական արուեստ»-ին (իր բառերն են,- Հ.Ա.) տեղեակ եղող Անուշ Սեդրակեանի հագ ու կապն էր, որ անընդհատ շեղում էր հեռուստադիտողի ուշադրութիւնը բուն նիւթից: Գլխի եւ ձեռքերի անդադրում շարժումներով բանախօսն աշխատում էր ցուցադրել ձեռքերի տարբեր մատներին հագցրած մեծկիկ ու փայլուն մատանիները եւ մէկ էլ` ականջներից կախուած տասը սանտիմետրանոց «ականջօղերը»: Տպաւորութիւնն այն էր, թէ բանախօսը մի շքեղ պարահանդէսի մասին է պատմում:

   Հիմա ոմանք կՙասեն, թէ այդ ամէնը ենթակայի գիտնալիքն է, ինչ ուզի կարող է հագնել, ինչ ուզի կարող է կրել մարմնի տարբեր մասերի վրայ, ցանկացած ոճի սանրուածքով էլ կարող է յայտնուել պաստառի առջեւ:

   – Ո՜չ, յարգելի Տիկին Անուշ Սեդրակեան, մի մոռանաք, որ դուք ներկայացնում էք աշխարհի մեծերից մեծին, ծնունդով հայ, բիթլիսցի Ուիլիըմ Սարոյեանին: Նկատի առնելով ձեր գիտելիքները, հեռուստատեսութիւնը ձեզ է վստահել ՄԵԾ գրողին ներկայացնել միլիոնաւոր հեռուստադիտողներին:

   Եւ յետոյ, ինչպէ՞ս է, որ դուք Սարոյեանի մանկութեան ու պատանեկութեան մասին պատմելիս, տասը, գուցէեւ աւելի անգամներ, շեշտում էք ՇԱԼՎԱՐ ոչ հայերէն բառը եւ անդադար կրկնում էք` «շալվարը երկար էր, ինչ տառապանքով ձեռք բերեց շալվարը, արդուկելիս այրեց շալվարը» եւ այսպէս` շարունակ` շալվա՜ր, շալվա՜ր, շալվար:

    – Ինչ է, դուք չգիտէ՞ք այդ բառի հայերէնը` ՏԱԲԱՏ: Շալվարը թրքերէն է եւ որպէս տղամարդու հագուստ` բնաւ նման չէ մեր իմացած տաբատին: Այն թուրքերի մօտ երկարաւուն, լայնից էլ լայն «ոտքերով» ազգային տղամարդու հագուստ է, որ մինչեւ օրս էլ տարածուած է Թուրքիայի բազմաթիւ գիւղական վայրերում:

    Ես բնաւ մտադրութիւն չեմ ունեցել եւ չունեմ վարկաբեկելու ձեր անձը եւ կասկածել ձեր գիտելիքների վրայ: Քաւ լիցի: Այս յօդուածի սկզբում ասացի, որ դուք Ուիլիըմ Սարոյեանի մասին ունեցած գիտելիքներով եւ փաստացի տեղեկութիւններով համապարփակ տեղեկութիւններ փոխանցեցիք լայն հասարակութեանը: Ես այս` պստիկ մի խայթոցով ցանկացայ Ձեզ զգաստութեան կոչ ուղղել եւ յիշեցնել, որ հեռուստատեսային պաստառի առջեւ երեւալուց առաջ պէտք է մշտապէս աչքի առջեւ ունենալ հեռուստադիտողին` ամենաանաչառ դատաւորին եւ ուշադրութիւն դարձնել թէ՛ օրուան համապատասխան հագուկապին եւ թէ՛ մաքուր գրական հայերէնով ելոյթ ունենալու հրամայականի վրայ:

   Այս ամէնով հանդերձ, ասել չէ, թէ սխալներ չեն կարող լինել, բայց անհրաժեշտ է տեղում իսկ, նոյն վայրկեանին ուղղել սխալը, ապա թէ ոչ` անդադար կրկնելով` «Շալվա՜ր, շալվա՜ր, շալվար»` հեռուստադիտողը հաստատ կը համոզուի, որ դուք իսկապէս չգիտէք այդ բառի հայերէնը, որ է` ՏԱԲԱՏ: Ուշադիր եղէք…

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին