Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:
«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի:
Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»:
«Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացել նախաքննական գաղտնիքը»,- ասաց Խաչատրյանը: