Երկուշաբթի, 21. 04. 2025

spot_img

Մեր հիւրն է Հայաստանի Պահպանողական կուսակցութեան նախագահ Միքայէլ Հայրապետեանը

«Գուցէ կուսակցականութիւնը լաւ բան չէ, բայց աշխարհը դրանից աւելի լաւ պետականավարման միջոց դեռ եւս չի գտել»

«ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – Հայաստանի Պահպանողական կուսակցութիւնը հիմնուած է 14 Ապրիլ 1991-ին, Երեւանի մէջ։ Վերջերս Լոս Անճելըս կը գտնուէր այդ կուսակցութեան նախագահ Միքայէլ Հայրապետեանը, որ Օգոստոս 17-ին մասնակցեցաւ եւ իր խօսքը փոխանցեց Կլենտէյլի Քաղաքային խորհուրդի շէնքին կից տեղի ունեցած հանրահաւաքին՝ ուր ներկաները իրենց զօրակցութիւնը յայտնեցին Հայաստանի նոր կառավարութեան եւ անոր առաջնորդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանին։

Հայրապետեան ծնած է Երեւան, 1965 թուականին։ Որեւէ կուսակցութեան չէ անդամագրուած մինչեւ 1998։ Պահպանողական կուսակցութեան միանալով, 1998-էն իվեր նախագահն է քաղաքական այս կազմակերպութեան։

«Հայեացքներով պահպանողական եմ եղել շատ վաղուց, – ըսաւ ան, – Փրոֆ. Ռաֆայէլ Իշխանեանը մեզ դաստիարակում էր որպէս պահպանողական»։

Բարձրագոյն կրթութիւնը ստացած է Երեւանի Պետական համալսարանի Բանասիրութեան բաժինէն եւ Գիտութիւններու ազգային ակադեմիայի գրականութեան հիմնարկէն։

Անկախութեան առաջին տարիներուն Միքայէլ Հայրապետեան գործօն մասնակցութիւն բերած է կրթական եւ լրատուական դաշտերէն ներս, մաս կազմելով եւ հիմնելով տարբեր թերթեր։

2007-ի համաժողովրդական շարժումի օրերուն ՊԿ-ը մաս կազմած է Հայ ազգային քոնկրէսին, մինչեւ 2012։

2008-ի Մարտ 1-ի դէպքերուն պատճառով Հայրապետեան հեռացուած է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանէն եւ անցած է ընդյատակ։ Ապա, դարձեալ զինք կը տեսնենք լրագրական եւ մանկավարժական աշխարհի մէջ, իսկ 2012-էն իվեր վերադառնալով Ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), կը դասաւանդէ հայոց լեզու եւ գրականութիւն։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Պահպանողական կուսակցութեան մասին յաւելեալ տեղեկութիւններու համար, դիմել՝ conservative.am։

***

Ստորեւ, հատուածներ Դոկտ. Միքայէլ Հայրապետեանին հետ մեր ունեցած զրոյցէն, որ տեղի ունեցաւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագրատան մէջ,  մասնակցութեամբ  Կլենտէյլ քոլէճի հայերէնի դասախօս Գառնիկ Սահակեանի։

 

Ներգաղթ

Մէկ ընդհանուր երազանքի ունենք.  դուք ձեր գործը արէք, մենք՝ մեր գործը։ Մնացածը ինքնախաբէութիւն է։ Ազգահաւաքը քսանական թուականներին դաշնակցականները սկսեցին, Միասնիկեանն եկաւ շարունակեց եւ աւելի բարձր մակարդակի հասցրեց։ Այսօր չէք կարողանալու համոզել ոեւէ մէկին, որ գնայ Հայաստան եւ թշուառութեան մէջ ապրի առանց աշխատանքի։ Իսկ այդ ժամանակ մթնոլորտն էր ուրիշ, Զապէլ Եսայեանը եկաւ առանց յոյսի, որ աշխատանք կ՚ունենայ։

Հիմա տարբեր է, հիմա 21-րդ դարում թուայնացուած է ամէն ինչ, ապրում ենք թուայնացուած առասպելի մէջ։

Մենք, հայաստանցիներս կորցրել ենք վստահութեան քուէն եւ օրինաչափ է, որ Սփիւռքը մեզ չի վստահում եւ պէտք էլ չի որ վստահի, որովհետեւ դա աւելորդ գայթակղութեան բոյն է դառնում։ Անվստահութիւնը բերելու է ատելութեան, հակամարտութեան, մինչեւ որ մեր կուլտուրան (քաղաքակրթութիւնը, մշակոյթը) կը բարձրանայ։

 

Քաղաքական դաշտ

Որեւէ անգամ մեզ (Պահպանողականներին) չի յաջողուել Ազգային ժողովի մաս կազմել, պատգամաւոր ունենալ. կարծում եմ, որ ոչ թէ ի վնաս մեզ է խօսում սա, այլ՝ յօգուտ մեզ է խօսում, որովհետեւ յաջողելու համար Հայաստանում պէտք է ստոր գործարքի գնալ օրուայ իշխանութիւնների հետ։ Մի անգամ միայն Ազգային ժողովի մաս կազմող կուսակցութիւն անուանուեցինք, Հայ ազգային քոնկրէս դաշինքով, բայց մենք անհատապէս ոեւէ կուսակցական գործիչ չունեցանք խորհրդարանում։ Կը փորձենք իշխանութիւն ստանձնել, բայց ոչ բարոյականութեան եւ մեր երազների հաշուին։

 

Պահպանողականներու ժողովրդականութիւնը

Մեր ամէնէն մեծ ժողովրդականութիւնը երեւի եղաւ 2008 թուականին, երբ այդ հանրահաւաքների՝ տասնօրեայ շուրջօրեայ հանրահաւաքներին վարողը երկու հոգի էին, առաջին հինգ օրը Նիկոլ Փաշինեանը եւ վերջին հինգ օրը՝ ես։ Եւ դրանից յետոյ ընդյատակից բերած իմ ամէն շաբաթեայ հրապարակումների շնորհիւ եղաւ։ Մշտապէս մենք եղել ենք տեղեկատուական շրջափակման մէջ։ Պատճա՞ռը, որովհետեւ մենք, առանց թաքցնելու, յայտարարուած արեւմտականներ ենք, իսկ Հայաստանը ցաւօք սրտի, մշտապէս գտնուել է ռուսական ծիրում…

1999 թուականի Հոկտեմբերի 27-ից իվեր, մեր մասին որեւէ բառ, հրապարակային հեռուստաալիքներով արգելուած է եղել։ Իսկ մինչ Հոկտեմբեր 27-ը մենք չէինք իջնում այդ ալիքներից։ Այնպէս որ դեռ եւս մենք ռուսական գաղութ ենք, բայց ազատագրումը կարծէք թէ այնքան էլ հեռու չէ, մանաւանդ որ այս իրադարձութիւնները ոնց որ թէ հող կը նախապատրաստեն իրական ազատագրման համար։

 

Կապը Պահպանողական այլ կուսակցութիւններու հետ

Որոշ յարաբերութիւններ ունենք պահպանողական այլ ուժերի հետ։ Ռուսաստանը այստեղ քնած չէ։  Նա համաշխարհային պահպանողական շարժման անդամներ սարքեց, իրենց կոռումբացրած, իրենց դրածոյ Հանրապետական կուսակցութեանը։ Թէեւ մենք մեր կապերով փորձում ենք, ասենք անգլիացի պահպանողականների, գերմանացի քրիստոնեայ-դեմոկրատների հետ շատ թոյլ յարաբերութիւններ ունենալ։

Արմենականները, տեսէք, ձեր նախորդները՝ ռամկավար-ազատական, թւում է թէ լիպերալ կուսակցութիւն է, բայց իրենց ամբողջ գործունէութեամբ, փառք Աստուծոյ, հարիւրամեայ կենսագրութեամբ ոնց որ թէ պահպանողական են իրենց էութեամբ եւ այսօր էլ Սփիւռքում տանում են հրաշալի գործունէութիւն։

 

Հայաստանի քաղաքական դաշտը այսօր

Հայաստանում 70-ից աւել կուսակցութիւններ կան այսօր։

Աշխարհում երեք քաղաքական ընդունելի հոսանքներ կան. սոցիալիստական՝ ձախեր, լիպերալներ՝ աջեր եւ կենտրոնական-պահպանողական՝ ցենտրիստներ։ Հայաստանում սրա տարատեսակները շատ են։ Այս երեք հոսանքից դուրս, կարծէք թէ քաղաքակիրթ աշխարհը չի ընդունում այլ ուժեր՝ ինչպէս գերազգայնական եւ ֆաշիստական։ Բայց այսօրուան Հայաստանում լիպերալը լիպերալ չէ, սոցիալիստը սոցիալիստ չէ, իրենց պահպանողականներ հռչակածների մեծ մասը դարձեալ պահպանողականներ չեն. դրանց օրինակը լուսահոգի Աշոտ Նաւասարդեանից յետոյ Հանրապետականի գործունէութիւնը ցոյց տուեց։ Հիմա կայ պոպուլար, ժողովրդական այլ մի բան մեր ժողովրդի մէջ, չգիտենք երբ ենք սթափուելու։ Գուցէ կուսակցականութիւնը լաւ բան չէ, բայց աշխարհը դրանից աւելի լաւ պետականավարման միջոց դեռ եւս չի գտել։

 

Այսօրուան յետ-յեղափոխական Հայաստանի մասին

Իւրաքանչիւրը իր երազի յետեւից է գնում։ Իմ երազանքի համար սա հրաշալի փուլ է։ Այն ինչ կատարւում է Հայաստանում հրաշալի հանգրուան է, որը կը նախապատրաստի իրական, ազատ եւ անկախ Հայաստանի ծննդին։ Մեր երկիրը երկունքի շրջանում է, մեր ժողովուրդը, մեր պատմութիւնը երկունքի շրջանում են, մենք իրօք կ՚ունենանք անկախութիւն։ Հիմա մենք  դասական անկախութիւն չունենք. Ռուսաստանի ուղեծրում ենք, մենք գերութեան մէջ ենք, բայց փառք Աստուծոյ՝ ոչ ստրկութեան մէջ. դրանք տարբեր բաներ են, ինչպէս Տէրեանն էր ասում, «Գերուած ենք մենք, ոչ ստրուկ, գերուած մի արծիւ»։ Գերին եւ ստրուկը տարբեր կարգավիճակներ են։

Շնորհակալութիւն, որ մեր անկախութեանը մօտեցնող շարժում սկսուեց Հայաստանում։

 

Ամերիկահայութեան եւ Սփիւռքի մասին

Ժամանակակից աշխարհում ամէն ինչ թուայնացւում է։ Ցանցային աշխարհը մեզ մօտեցնում է։ Այս օրերին, երբ տեսնում եմ այս լուսաւոր երեխաներին՝ որոնք նոյնիսկ հայերէն չեն խօսում, դա ամենեւին չի նշանակում, որ վերջ ամէն ինչի։ Ուղիղ հակառակը։

Հայաստանի զարթօնքը մի անգամ է եղել եւ դա եղել է 5-րդ դարում, որը մենք անուանեցինք Ոսկեդար… եւ միայն մէկ բանի շնորհիւ՝ այստեղի, դրսի, լաւագոյն համալսարաններից կրթութիւն ստացածներից վերադարձածների միջոցով։ 300 հոգի գնացին, 30 հոգի վերադարձան։ Երեսուն հոգին բաւարար էր, որ մենք վերածնունդ ունենայինք, որը մեզ ապրեցրեց մի քանի հարիւրամեակ։ Այնպէս որ, Սփիւռքը, մանաւանդ այսքան հայաշատ ամերիկահայ Սփիւռքը մեծ առաքելութիւն ունի։ Ամերիկան, գուցէ եւ շատերին դուր չգայ, մեր միակ ռազմավարական դաշնակիցն է եւ այստեղ բարձրակարգ կրթութիւն ստացողները ապագայ Հայաստանի յենակէտը կարող են լինել, նրա զարգացման թռիչքուղին կարող են լինել։

Կարծում էք, որ Հայաստանում ապրողների մի զգալի հատուած չի՞ երազում պարզապէս գնալ, հեռանալ անարդարութիւնից, մարդու իրաւունքների ոտնահարումներից։ Իսկ այդ անարդարութիւնները ո՞րտեղից են՝ մայր կենտրոնից։ Եթէ մենք քաղաքակի՛րթ աշխարհի օրբիտան մտնենք երբեւէ, դրանք կը վերանան, այլեւս վերացած կը լինի քաղաքացին, մարդը, հայ մարդը, որ ապրում է Ամերիկայում, Հայաստանում, Ֆրանսիայում. բացարձակապէս նշանակութիւն չի ունենայ։ Մենք պիտի պատրաստուենք գլոբալ հայի ծննդին, ծնծղաներ պիտի հնչեցնենք այդ ծննդից առաջ։ Ձեր, իմ, երեւի թէ միւս մտաւորականների խնդիրը ծնծղաները հնչեցնելն է, նախապատրաստելն է նրանց գալը, որոնց հողաթափերի փոշին անգամ մաքրելու իրաւունքը չենք ունենայ։

Զրուցեց՝

ՀՐԱՉ ՍԵՓԵԹՃԵԱՆ

18 Օգոստոս 2018

Ալթատինա, Քալիֆորնիա

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին