Սամուէլ Յովասափեան
«ՆՈՐ ՕՐ», Լոս Անճելըս – Տարիներ է ինչ Միջին Արևելքի արաբական երկրները յաջորդաբար ներքաշուել են արտաքին և ներքին՝ քաղաքացիական պատերազմների մէջ: Զոհուել, տնաւեր և թափառական են դարձել միլիոնաւոր մարդիկ, կանայք, երեխաներ: Ովքե՞ր են այդ պատերազմները հրահրողները, արևմուտքի ո՞ր պետութիւնների, կամ շրջանների շահերից են բխում նման պատերազմները: Որոնք միշտ էլ, համարեա թէ, նոյն սցենարով, այն է՝ կեղծուած, շատ ժամանակ յօրինուած փաստերով և փաստաթղթերով ապակողմնորոշում են իրենց երկրների բնակչութեանը և պատերազմը այն երկրների դէմ, որոնք իրենց որակումով ոչ դեմոկրատ են և աշխարհի, կամ տուեալ տարածաշրջանի խաղաղութիւնը վտանգող, ներկայացնում են օրինական և անհրաժեշտ: Ահա այդպէս է, այսպէս ասած, «քաղաքակիրթ աշխարհը»: Դրանք ԱՄՆ-ն են և նրա դաշնակից արևմտեան երկրները:
ԱՄՆ-ն ինքնին արտառոց հակասութիւնների երկիր է:
– Մի կողմից, մի խումբ մարդկանց անհամեմատելի մեծ հարստութիւնն է, միւս կողմից չքաւորների և անօթևանների բազմութիւնը:
– Մի կողմից, խօսքի, գրչի, կամ քննադատութեան անհամեմատելի, ազատութիւնն է, միւս կողմից մեծահարուստների, նաֆթարդիւնաբերութեան և ռազմական ինդուստրիայի, այդ գիգանտ շրջանների, աննախադէպ շահամոլութիւնն է, որոնք էլ թելադրում են իրենց կամքը և ուղղութիւն են տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեանը:
ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ միջազգային ոստիկանութեան դերակատարումն և իրենց ոչ հաճոյ երկրների նկատմամբ սադրիչ քաղաքականութիւնն է, որը նրանք այնքան վարպետօրէն քօղարկում են դեմոկրատիայի դիմակով և այլ երկրների ագրեսիան իրենց հարևան երկրների նկատմամբ դիմակայելու հետևողական քարոզչութեամբ…
Արևմուտքում մթնոլորտը կը դառնար շատ աւելի գաղջ և ոչ շնչելի, եթէ չլինէին այն խիզախ և մարդասէր պատմաբանները, թղթակիցները, հրապարակախօսները, ովքեր օգտուելով ազատ խօսքի հնարաւորութիւնից, իրենց՝ բանախօսութիւններով, յօդուածներով և գրքերով, դէմ են գնում իրենց և արևմտեան այլ երկրների, ամէնից առաջ սակայն ԱՄՆ-ի ղեկավար և շահամոլ շրջանների կեղծիքներով լի և հանրութեանը մոլորեցնող, ապակողմնորոշող պաշտօնական քարոզչութեանը, բացայայտում են այն և լոյս են սփռում իրականութեան վրայ: Նման համարձակ թղթակիցներ և հրապարակախօսներ են.
– Գերմանիայում՝ Պետեր Շոլ- Լատուրը (Peter Scholl-Latur), ով իր՝ դեռ 2006 թուականին հրատարակուած՝ «Ռուսաստանը աքցանի մէջ» գրքում, գրել է.
«Յաջորդ երկրները՝ որտեղ որ հակառուսական շարժումներ պէտք է սկսուեն և ՆԱԹՕ-ի անդամ դառնան՝ Ուքրանիան է, Վրաստանը և Պելառուսիան…
Իսկ հեռաւոր արևելքի թուրքալեզու երկրների՝ հսկայական գազի և քարիւղի պաշարներին տիրանալու համար, արևմուտքը և Սէուդի Արաբիան զարկ տալով տեղի ժողովուրդների իսլամական կրօնի ազդեցութիւնը, փորձում են նրանց մօտ առաջացնել հակառուսական տրամադրութիւններ»…
– Շուէյցարիայում այդ խիզախ մարդկանցից է՝ Դանիէլ Գանզեր-ը (Daniele Ganser):
2016 թուականին, Ցիւրիխում գերմաներէն լեզուով հրատարակուել է երիտասարդ պատմաբանի և խաղաղութիւն ուսումնասիրողի հետևեալ վերնագրով գիրքը և մինչև 2017 թուականը վերահրատարակուել է 8 անգամ:
Դանիէլ Գանզեր (Daniele Ganser). «Ոչ լեգալ պատերազմներ. Թէ ինչպէս են ՆԱԹՕ-ի երկրները ՄԱԿ-ին սաբոտաժի ենթարկում», «Ժամանակագրութիւն՝
Քուպայից մինչև Սիրիա»
Գրքում զետեղուած են բազմաթիւ հաւաստի փաստեր և վկայութիւններ Ամերիկայի Միացեալ Նահանգների գլխաւորութեամբ՝ ՆԱԹՕ-ի երկրների խափանարար, շահադիտական, տարբեր երկրներում քաղաքացիական պատերազմներ հրահրող քաղաքականութեան, զուտ իմպերիալիստական գործունէութեան վերաբերեալ՝ փաստեր, վկայութիւններ, գիտակ և մասնագէտ անձանց կարծիքներ, ինչպէս նաև գաղտնի փաստաթղթերից մէջբերումներ, որոնք բացայայտուել են ժամանակին և վերջին տարիներին: Յաւելեալ դրանց, հեղինակը ներկայացնում է նաև տարիների իր ուսումնասիրութիւնների և պրպտումների արդիւնքը, ինչպէս նաև պաշտօնական անձանց հեռախօսազրոյցները, որը գրառել են հէնց այդ երկրների գաղտնի գործակալութիւնները:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի գլխաւորութեամբ ՆԱԹՕ-ի երկրների երկերեսանի քաղաքականութիւնը այս-այն պատրուակով ուղղուել է և վերջերս ուժգին թափ է ստացել նաև Իրանի և Դաշնային Ռուսաստանի դէմ: Հէնց միայն տնտեսական պատժամիջոցները, մեծ հարուած են հասցրել այս երկու երկրների ժողովրդական տնտեսութեանը, որոնց ալիքները նաև Հայաստանին են հասնում և հասնելու: Այդ սահմանափակումների հետևանքով վերջին տարիներին և ամիսներին զգալիօրէն արժէքազրկուել են Ռուբլին և Թումանը:
Ռուսաստանի դէմ ուղղուած պատժամիջոցները ինչ որ տեղ վնասում են նաև Հայաստանի տնտեսութեանը և վտանգում են նրա ապագան: Որքան որ Սահմանափակւում է Ռուսաստանը արևմուտքում և արևելքում, այնքան ռէալ է դառնալու Թուրքիայի և հեռաւոր արևելքի թուրքալեզու ազգայնամոլների Փան- Թուրանական կայսրութիւն ստեղծելու հեռանկարային նկրտումները: Թուրքալեզու երկրների՝ ազգայնամոլ շրջանների նման յաւակնութիւնը և չթաքնուած քարոզչութիւնը, ապագայում լինելու է այդ տարածաշրջանում ամենագլխաւոր մարտահրաւէրը: Պարզ է, որ նման նպատակները նախ և առաջ ուղղուած կը լինեն տարածաշրջանի քրիստոնեայ և ոչ թուրքալեզու ժողովուրդների, ինչպէս նաև Իրանի ու Չինաստանի դէմ: Ապագայում նման հեռանկարների զարգացումները շատ աւելի ռէալ են և դրանց պոտենցեալ ուժը աւելի են զարգանալու տեղի երկրների և Ռուսաստանի միջև ազգամիջեան, ինչպէս նաև, ներքին աճող կոնֆլիկտների պատճառով, ապա պէտք է մտածել, ոչ հեռաւոր ապագայում ստեղծել Ռուսաստան, Չինաստան, Իրան և Հայաստանի միջպետական բազմակողմանի փոխօգնութիւն և համագործակցութիւն, որի նպատակը կը լինէր դիմակայել թուրքալեզու ազգայնամոլների նման նպատակները:
Նոյնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ՝ Օզալը, չթաքնուած հրճուանքով ժամանակին ասել էր՝ «Եթէ սխալ չանենք, ապա 20-րդ դարը մեզ է պատկանելու»…
Շատ շահեկան կը լինէր՝ եթէ Դանիէլ Գանզերի վերոյիշեալ գիրքը թարգմանուէր հայերէնի, դա հայ ընթերցողին կը բացայայտէր արևմուտքի պաշտօնակսն շրջանների իրական դէմքը, արտաքին շահադիտական քաղաքականութեան էութիւնը, որը այնքան վարպետօրէն քօղարկւում է դեմոկրատիաի և մարդասիրական դիմակի տակ: Ժամանակին Կիզինգերը ցինիկօրէն նշել է. «Մենք ունենք շահեր, ոչ թէ բարեկամներ»…
ՆԱԹՕ-ի ընդարձակումը դէպի արևելք
Ներքոյ փորձ է արուելու՝ հայ հանրութեանը ծանօթացնել գրքի այն էջերի բովանդակութեանը, որտեղ պարզաբանւում է, թէ ինչպէս է իրականացուել ՆԱԹՕ-ի ընդարձակումը դէպի արևելք, որի ամենաթունդ իրականացնողներն են եղել՝ ԱՄՆ-ն և Դաշնային Գերմանիան: Թէ ինչպէս է հետևողականօրէն և աստիճանաբար «աքցանի մէջ առնւում»՝ Դաշնային Ռուսաստանը…
Նման քաղաքականութիւնը մի մարտահրաւէր է, որը ապագայում էլ աւելի անմիջական ազդեցութիւն է ունենալու Հայաստանի համար, ուստի պէտք է, որ դա չվրիպի Հայաստանի իշխանութիւնների տեսադաշտից…
Վերոհիշեալ գրքի 250-րդ էջում, հետևեալ խորագրով՝ «ՆԱԹՕ-ի ընդարձակումը դէպի արևելք» գլխում, կարդում ենք.
«Յայտնի է, որ Սովետական Միութեան նախագահ՝ Միխայէլ Գորբաչովը ժամանակին համաձայնուեց երկու Գերմանիայի միացման և նրա ՆԱԹՕ-ի անդամակցութեան հետ, սակայն պահանջեց, որ դրա փոխարէն ՆԱԹՕ-ն չի ընդարձակուելու դէպի արևելք: ԱՄն-ը դա վստահեցրեց Ռուսաստանին:
Պատմականօրէն Ուքրանիան գտնւում է Ռուսաստանի ազդեցութեան ոլորտում: Սովետական Միութեան փլուզումից յետոյ այն և նախկին բոլոր սոցիալիստական երկրները իրենց անկախ յայտարարեցին: ԱԱՆ-ի համար լայն ասպարէզ բացուեց, իր ազդեցութեան ոլորտը տարածել այդ երկրներում և նախկին Վարշավայի Պակտի անդամ երկրներին ներառնել ՆԱԹՕ-ի անդամ երկրների շարքում: 1999 թուականին Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան, 2004 թուականին Բուլղարիան, Բալթիկայի երեք հանրապետութիւնները, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, իսկ 2009 թուականին, Հարաւսլաւիայի կենտրոնական իշխանութեան փլուզումից յետոյ, Ալբանիան և Խորվաթիան ընդունուեցին ՆԱԹՕ-ի երկրների շարքերում: Նման էքսպանսիայի միջոցով ՆԱԹՕ-ի անդամ երկրների թիւը դարձաւ 28-ը:
Ռուսների տեսակէտից, ՆԱԹՕ-ի նման մասսայական տարածումը դէպի արևելք, ոչ միայն պրովակացիա էր նշանակում, այլև իրական վտանգ: Ռուսները իրենց խաբուած էին զգում: Որովհետև 1989 թուականին Բերլինի պատի փլուզումից յետոյ, նրանք օժանդակեցին երկու Գերմանիայի խաղաղ միացմանը, ի դէպ նրանք համաձայնուեցին, որ Դեմոկրատական Գերմանիան Վարշաւայի պակտից դուրս եկաւ, իսկ միացեալ Գերմանիան դարձաւ ՆԱԹՕ-ի անդամ: Որպէսզի այդ հնարաւոր դառնայ, ռուսները՝ Միխայէլ Գորբաչովի գլխաւորութեամբ, ետ վերադարձրին իրենց 340.000-անոց բանակը Դեմոկրատական Գերմանիայից:
Սովետական Միութեան նախագահ՝ Միխայէլ Գորբաչովը հաւանութիւն տուեց Գերմանիայի միացմանը և ՆԱԹՕ-ի անդամ դառնալուն, սակայն, որպէս պատասխան քայլ, պահանջեց՝ ՆԱԹՕ-ն չպէտք է ընդարձակուի դէպի արևելք: Ամերիկեան Կայսրութիւնը (գրողը ԱՄՆ-ին այդպէս է որակում, մի շարք փաստեր բերելով) ռուսներին վստահեցրեց այդ:
«ՆԱԹՕ-ն իր ազդեցութեան ոլորտը «ոչ մի սանտիմեթր դէպի արևելք չի տարածելու»: Խոստացաւ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար՝ Ջէյմս Բէյքըրը (James Baker) 1990 թուականի Փետրուար 9-ին, Մոսկուայի Քրեմլ պալատի Կատարինա դահլիճում: Իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Գենշերը, նախօրօք, Յունուար 31-ին, Տուրցինգի Աւետարանական ակադեմիայում իր արտասանած ճառում ասաց.
«ՆԱԹՕ-ի տարածումը դէպի արևելք, այսինքն՝ Ռուսաստանի սահմաններին մօտ, չի կատարուելու»:
Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և նախկին միւս սոցիալիստական երկրներին ՆԱԹՕ-ի անդամ ընդունելով, նրանք բազմիցս դրժել են իրենց խոստումները: Իհարկէ որ դա բարկացրեց ռուսներին:
«Արևմուտքի մեր կոլեգաները շարունակաբար խաբել են մեզ, նրանք որոշումներ են կայացրել մեր թիկունքում և մեզ կատարուած փաստերի առաջ են կանգնեցրել», քննադատել է Փութինը: «Այդպէս է կատարուել ՆԱԹՕ-ի ընդարձակումը դէպի արևելք, ինչպէս նաև բազմապիսի ռազմական տեխնիկայի տեղադրումը մեր սահմաններին կից»: Ամերիկացիների տուած խոստումի դրժումը հազիւ է արևմուտքի մամուլի ուշարութեան նիւթ դարձել, որովհետև դա վատ լոյս էր սփռելու ՆԱԹՕ-ի և ԱՄՆ-ի հեղինակութեան վրայ: «Խոստումնադրժութիւնը առասպել է», գրում է գերմանացի թղթակից Իգնաց Լոցօ Կիւհնը (Ignaz Lozo Kühn): Բայց նա սխալւում է: Գերմանուհի՝ Գաբրիէլ Կրոնէ-Շմալցը, (Gabriele Krone- Schmalz), Մոսկուայում ARD-ի նախկին թղթակիցը, ուղղում է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեան փաստաթղթերում նշուած է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջէյմս Բէյքըրը 1990 թուականի Փետրուար 9-ին Միխայէլ Գորբաչովի և ՍՍՀՄ-ի արտաքին գործերի նախարար Էդուարդ Շեվարդնաձէի ներկայութեամբ «երկաթեայ երաշխաւորութիւն» է տուել, որ «Ոչ իրաւական տեսակէտից և ոչ էլ ՆԱԹՕ-ի զօրքերը չեն փոխադրուի դէպի արևելք, եթէ Մոսկուան համաձայնուի՝ միացեալ Գերմանիայի ՆԱԹՕ-ի անդամակցութեան: Նոյն ժամանակ Գորբաչովը ասել է՝ «Մեր տարածաշրջանում ՆԱԹՕ-ի իւրաքանչիւր ընդարձակում, անընդունելի է», որից յետոյ Բէյքըրը պատասխանել է. «Ես ամբողջովին հաւանութիւն եմ տալիս դրան»:
Նման հաւաստիացումների մասին՝ ՆԱԹՕ-ն չի ընդարձակուելու, գրաւոր պայմանագիր չկայ, Գորբաչովը դա անհրաժեշտ չի համարել, որովհետեւ նման պայմանաւորուածութեան ժամանակ, Վարշավայի Պակտը դեռ գոյութիւն ունէր, իսկ ռուսների համար բանաւոր խոստումը պարտադրական էր: Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Գենշերի և ռուսների արտաքին գործերի նախարար՝ Շեվարդնաձէի միջև գոյութիւն ունէր լիակատար վստահութիւն: Արտաքին գործերի մի արձանագրութեան մէջ նշում է արուած, Գենշերի և Շեվարդնաձէի մի խօսակցութեան մասին, կայացած 1990 թուականի Փետրուար 9-ին. «Մենք գիտակցում ենք, որ միացեալ Գերմանիայի անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին շատ բարդ հարցեր է առաջ բերում, բայց մենք վստահ ենք, որ ՆԱԹՕ-ն չի ընդարձակուի դէպի արևելք»:
Դեմոկրատական Գերմանիայի միացումը Դաշնային Գերմանիային, ՆԱԹՕ-ի ընդարձակման առաջին դէպքն էր, դրանով հանդերձ, որ թէ ԱՄՆ-ն և թէ Գերմանիան, ռուսներին խոստացել էին, որ ՆԱԹՕ-ն չի ընդարձակուի դէպի արևելք: Սակայն հէնց այդ երկու երկրներն էին, որ 1990-ից սկսեալ, ՆԱԹՕ-ի դէպի արևելք ընդարձակման ամենաթունդ պաշտպաններն էին: Գերմանիայի պաշտպանութեան նախարար՝ Ֆոլկեր Ռիւհէն (Volker Rühe) արևմուտքի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն էր, ով 1993 թուականի Մարտին, Լոնդոնում կայացած մի բանախօսութեան ընթացքում, հրապարակայնօրէն պահանջեց՝ ՆԱԹՕ-ն դէպի արևելք ընդարձակել: Ֆոլկեր Ռիւհէի նման պահանջը խոստադրժում էր նշանակում և բոլորովին հակառակն էր, նախկինում տրուած խոստումներին:
Երբ 1990-ական թուականներին գնալով աւելի շատ երկրներ ՆԱԹՕ-ի անդամ դարձան, ապա նաև Գորբաչովը գիտակցեց, որ իրեն խաբել են.
«Գերմանիան, ԱՄՆ-ն և արևմտեան այլ երկրներ 1990 թուականին իրեն խոստացել էին, որ երկու Գերմանիայի միացումից յետոյ, ՆԱԹՕ-ն ոչ մի սանտիմեթր դէպի արևելք չի ընդարձակուելու»: Քննադատել է Գորբաչովը 2009 թուականին, Ալբանիայի և Խորվաթիայի ՆԱԹՕ-ի անդամակցութեան ժամանակ: «ԱՄՆ դրժեց իր խոստումը, իսկ գերմանացիներին դա բոլորովին էլ չէր հետաքրքրում, հաւանաբար նրանք նոյնիսկ շփում էին իրենց ձեռքերը, թէ իրենք որքան լաւ են կարողացել խաբել ռուսներին, այդ պատճառով էլ ռուսներն այլևս, արևմուտքի տրուած խոստումներին չեն վստահում»…
Պերլին