Ուրբաթ, 13. 12. 2024

spot_img

Գնաց Յարութը…

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

«ՆՈՐ ՕՐ», Լոս Անճելըս –  Երկար եւ լայն Գլենոքս պողոտայով մեքենան վարում էի դէպի Բըրբենքի առաջնորդանիստ եկեղեցի: Խճողուած էր ճանապարհը, եւ թւում էր, թէ մարդիկ, ինձ նման, գնում  են եկեղեցի՝ տեսակցութեան. չէ՞ որ մահացել էր Յարութը, մեր Յարութ Կարապետեանը, բոլորի ընկերն ու բարեկամը, արեւելահայ թէ արեւմտահայ, այնթապցի կամ քիլիսցի: Շատերին էր ճանաչում Յարութը, լաւ ու վատ մարդիկ չկային նրա համար, չէր նեղանում ոչ մէկից, իսկ դրա փոխարէն ասում էր. «Դէ մարդ է, էլի, մի բան ասեց…»:

Եւ եկեղեցին յորդում էր այդ բոլոր մարդկանցով:

 Սովորութի՞ւն է արդեօք մահուանից յետոյ գրել հանգուցեալի բարեմասնութիւնների մասին. եթէ պատուէր չէ, ուրեմն նա ունեցել է որոշ մարդկային յատկանիշներ, որոնք մղել են գրողին թղթին յանձնելու կամ բարձրաձայնելու դրանք եւ ներկայացնելու ապրողներին՝ որպէս օրինակ:

 Հայաստանից հեռու բնակուող Յարութն ապրում էր միայն հայերէնով, հայով, Հայաստանով: Նա այն ըմբոստն էր, երբ «Ապրիլ» գրատան մէջ եթէ հայկական ձեռնարկն ընթանում էր անգլերէնով, կարող էր բողոքել եւ դուրս գալ ջղայնացած. ուզում էր լսել հայերէն: Յարութն այն լուռ բարերարն էր, երբ կարող էր կատարել նիւթական նուիրատուութիւն եւ չբարձրաձայնել. «Ոչ մէկը չգիտի, ի՞նչ անեմ, պէտք էր»: Յարութն այն ընկերն ու բարեկամն էր, երբ Հայաստանից ժամանում էին ծանօթները, կատարում էր ուղեկցողի դեր եւ օր ու գիշեր բաւարարում էր նրանց պահանջները: Եւ Յարութն այն հայն էր, որ իւրաքանչիւր տարի այցելում էր հայրենիք, լիցքաւորւում ու վերադառնում էր, միշտ փայփայելով այն յոյսը, որ մի օր կարող է կրկին ապրել Հայաստանում:

 Ուրախ էր ընտանիքով. տիկինը՝ Սվետլանան, դուստրը՝ Աստղիկը, որդին՝  Հայկը, իր նիւթական բազուկը, թոռնիկները՝ նորածին Լառան եւ գեղեցիկ Անին, ում դպրոցից վերցնելու ժամանակ հանդիպում էինք միշտ: Ամերիկեան հանրային դպրոցի բակը մի փոքրիկ Հայաստան է. խմբերով հաւաքւում են հայերը, եւ մեր տարիքի տատիկ-պապիկների համար այն ժողովատեղի է՝ քննարկելու համար հայաստանեան  հարցերը: Յարութն ունէր միշտ թարմ լուրեր, իսկ դրա հետ մէկտեղ՝ հսկայական պաշար անցեալի դէպքերից, փակուած, չբացայայտուած: Սովորելով Երեւանի պետական կոնսերվատորիայում, Գեղարուեստա-թատերական ինստիտուտում, երգելով Հայաստանի պետական երգչախմբում եւ այլ համոյթներում, հարիւրաւոր ծանօթներ ունէր հայրենադարձ Յարութը: Ծնուել էր Իսրայէլի Հայֆա քաղաքում, 1949-ին. որդին էր առաջդիմական գործիչ, Պաղեստինից Մայր երկիր հայրենադարձութիւնը կազմակերպող կոմիտէի նախագահ Գէորգ (Ջորջ) Կարապետեանի: Գէորգ Կարապետեանը ծնուել էր Այնթապում (1903): Մեծ Եղեռնի տարիներին, ծնողների նահատակութիւնից յետոյ, յայտնուել էր Դիթրոյիտում (ԱՄՆ), աշխատել էր Ֆորդի գործարանում, անդամագրուել էր ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցութեան շարքերը: 20-ական թուականների վերջերին վերադարձել էր Սիրիա, ապա՝ Պաղեստին: 30-ականներից գտնուել էր Իսրայէլի կոմունիստական կուսակցութեան շարքերում: 1960-ին ընտանեօք հայրենադարձուել էր հայրենիք, երբ որդին՝ Յարութը 10 տարեկան էր: Այստեղ էլ հայր Կարապետեանը նուիրուել էր հայրենաշինութեան գործին, մեծ աւանդ էր ունեցել հայրենիքում իր բնօրրանի՝ Նոր Այնթապ աւանի ստեղծման գործում: Եւ Յարութը շարունակում էր այնթապցի հօր աւանդոյթները՝ երկար տարիներ լինելով Հայաստանի Այնթապցիների միութեան նախագահը: Սովետական բանակում ծառայած, մասնագիտութեամբ երգիչ եւ դերասան Յարութը միշտ ժամանակ էր գտնում զբաղուելու հանրային եւ մշակութային գործունէութեամբ թէ՛ հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում, սակայն դա չէր բաւարարում նրան ու միշտ ասում էր. «Ես ի՞նչ գործ ունեմ էս Ամերիկաներում. հայրս էն թուերին Հայաստան վերադարձաւ, ես էստեղ եմ…»:

 Ունէր հայկական հարցերի՝ իր տրամաբանութեամբ առաջարկուած լուծումներ, որոնց հիմնական ուղղութիւնը հաշտարար եւ շինիչ մօտեցումն էր. ունէր ծրագրեր, նաեւ երազներ, սակայն իր ճակատագիրն այսպիսին էր. մահանալ 69 տարեկանում, Չեխիայի Կարլովի Վարի հանգստավայրում, ուր տիկնոջ հետ մեկնել էր հանգստանալու, սրտի կաթուածով, հայրենիքից հեռու, հեռու նոյնիսկ իր բնակավայր Ամերիկայից, ապշահար դարձնելով իր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին, ովքեր դեռ չեն հաւատում նրա բացակայութեանը այս երկրի վրայ:

 Սակայն հաւատանք կամ ոչ, կայ իրականութիւնը՝ գնաց Յարութը…

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին