Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, արցախյան կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին եւ 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Օրակարգային հարցերի քննարկումից եւ համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա: