ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- նշեցին ՀՔԾ-ից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:
Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: