ՀՀ կառավարութիւնը Յուլիս 10-ին գումարած է հերթական նիստը, որ վարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Այս մասին, ինչպէս կը փոխանցէ «Արմէնփրես»-ը, կը տեղեկացնեն ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն:
Մինչ նիստի մեկնարկը վարչապետը տեղեկացուցած է, որ ՀՀ կառավարութիւնը նուէր ստացած է գիրքեր «Անտարես» հրատարակչութենէն: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանութիւնը Հայաստանում եւ յատկապէս կառավարութեան անդամների շրջանում: Ի հարկէ, ես ուզում եմ ասել, որ այլ հրատարակչութիւններ, եթէ ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճոյքով նրանցից նոյնպէս նուէրներ կ’ընդունենք, նաեւ նրանց անունները կը բարձրաձայնենք, որպէսզի գրահրատարակութեան եւ գրքի ընթերցանութեանը աջակցենք: Լաւ կը լինի, որ մենք նաեւ քաղաքականութիւն ունենանք այդ ամէնին աջակցելու: Ուզում եմ հաւաստիացնել, որ ի հեճուկս տարածուած կարծիքի՝ Հայաստանում այսօր էլ ստեղծուում են արժէքաւոր գրական գործեր, որոնց ընթերցումը, կարծում եմ, շատ բան կը տայ բոլորիս: Յոյս ունեմ, որ մենք իսկապէս կը կարողանանք մեր աշխատանքը կազմակերպել այնպէս, որ գեղարուեստական գրականութեանը եւ ընթերցանութեանը նոյնպէս բաւարար ժամանակ տրամադրենք»,- նշած է Նիկոլ Փաշինեան:
Այնուհետեւ վարչապետը անդրադարձած է ստուերային տնտեսութեան դէմ պայքարի ուղղութեամբ իրականացուող քայլերու արդիւնքներուն: «Գիտէք, որ մեր կառավարութեան ձեւաւորումից ի վեր Հայաստանում ակտիւօրէն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների եւ ստուերային տնտեսութեան դէմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տուեալ եւ արձանագրել, որ իրաւապահ տարբեր մարմինների կողմից յարուցուած քրէական գործերի շրջանում միայն հարկային պարտաւորութիւնների մասով Յուլիսի մէկի դրութեամբ հաշուարկուել, վերականգնուել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարուած հարկ, որը պէտք է վճարուի: Խօսքը 42 մլն տոլարի մասին է, սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ, կարծում եմ, որ մենք այս ուղղութեամբ աշխատանքը պէտք է շարունակենք: Սա իրականում մէկուկէս ամսուայ ցուցանիշ է: Մամուլում հրապարակումներ կան, որ պիւտճէում այս պահի դրութեամբ այս վերադարձուած թիւը չի արտայայտուում, սակայն այստեղ ոչ մի տարօրինակ բան չկայ, եւ ես հիմա կը խնդրեմ ՊԵԿ նախագահ պարոն Անանեանին ներկայացնել, թէ ինչն է պատճառը, որ մենք այս պահի դրութեամբ պետական պիւտճէում չունենք այս 20 մլրդ դրամը եւ ունենք ընդամէնը վերականգնուած, փաստացի մուտք արուած 800 մլն դրամ»,- ըսած է Նիկոլ Փաշինեան:
Պետական եկամուտներու կոմիտէի նախագահ Դաւիթ Անանեանը տեղեկացուցած է, որ վերականգնուած գումարները ԱԱԾ, ՊԵԿ եւ ոստիկանութեան համատեղ ջանքերու արդիւնքն են: «Բնականաբար, քննչական եւ հետաքննչական ծառայութիւնները համագործակցել են քննչական ծառայութեան, դատախազութեան հետ, եւ ցանկանում եմ, որ սա վերագրենք հաւաքական աշխատանքի արդիւնք: Ինչ վերաբերում է Ձեր ասած թուերին, ըստ էութեան, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխուում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրութեամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդիւնք է, եւ մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպէս Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրուել է պիւտճէ, մօտաւորապէս 12.7 մլրդ դրամ առաջադրուել է գանձման պետական պիւտճէ, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշուարկներ են, որոնք փոփոխման ենթակայ են, այսինքն քննչական գործողութիւնների ընթացքում դրանք աւելանալու միտում ունեն: Երբ ասում ենք, որ վերականգնուել է, օրինակ՝ 2.5 մլրդ դրամ, նկատի ունենք, որ օրինակ՝ «Նորֆոլկի» հաշուարկային հաշուին մուտքագրուել է համապատասխան գումար, որը վերահսկուում է ԱԱԾ եւ ՊԵԿ համապատասխան ծառայութիւնների կողմից եւ լուծարային ստուգման ակտը գրելուն պէս ակտի հիման վրայ հաշուարկային հաշուիչ գումարները կը փոխանցուեն պետական պիւտճէ: Երբ, օրինակ՝ «Նորֆոլկի» դրուագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պէտք է դա այս պահին վերապահումով ասել. վերականգնումը դեռեւս չի նշանակում պետական պիւտճէի անմիջական մուտք, նշանակում է, որ վերակագնուել է պիւտճէի հաշուարկային հաշիւ եւ մուտքագրուելու է պետական պիւտճէ ակտի առկայութեան պայմաններում, որը մենք նախատեսում ենք հրապարակել մինչեւ Յուլիսի 17-ը»,- ըսած է Դաւիթ Անանեանը:
Իր հերթին, վարչապետ Փաշինեան ընդգծած է, որ ներկայացուած թիւը կը վերաբերի միայն հարկային պարտաւորութիւններուն: «Այս թիւը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, իւրացումներին եւ այլ կոռուպցիոն երեւոյթների հետ կապուած գործերին, որոնք նոյնպէս իրենց ծաւալներով չափազանց մեծ են: Ի հարկէ, այս պրոցեսը շարունակուելու է եւ մենք լրջագոյն գումարներ վերականգնելու ենք, պետութեանը հասցուած վնասները վերականգնելու ենք եւ, ինչպէս ասել եմ, մինչեւ վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ մեր իրաւապահ մարմինների փոխգործակցութեան մակարդակ ամէն օրուայ հետ աւելի արդիւնաւէտ է դառնում, եւ մենք այս ճանապարհով պէտք է շարժուենք: Ուզում եմ ընդգծել, որ հենց այս գումարների մասին է խօսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ սուբվենցիաների (դրամանպաստ) ծրագրով կը յատկացնենք մարզերին: Շատ կարեւոր է, որ իսկապէս այս գումարները ծախսուեն մաքսիմալ արդիւնաւէտ, որպէսզի մեր ժողովուրդն արդէն իրենց համայնքներում զգայ փոփոխութիւնները»,- ըսած է կառավարութեան ղեկավարը: