Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Գերագոյն հոգեւոր խորհուրդը եւ եպիսկոպոսաց դասը հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հետ

Մայիսի 30-ին, հրաւէրով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում տեղի ունեցաւ հանդիպում Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների, հայաստանեան թեմերի առաջնորդների եւ Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսների հետ:

Հանդիպումն սկսուեց միասնական Տէրունական աղօթքով: Ողջունելով եւ շնորհակալութիւն յայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին եւ ԳՀԽ գործունէութիւնն ու եկեղեցական կեանքը կանոնակարգելու գործընթացում կարեւոր առաքելութիւնը:

   Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ՀՀ նախագահի անձը քաջածանօթ է ամէնքին`  Հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նուիրեալ ծառայութեամբ, նաեւ որպէս Հայոց Եկեղեցու հաւատաւոր զաւակ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար:

   Նորին Սրբութիւնը ներկաների անունից գնահատանք յայտնեց նախագահ Սարգսեանին վերջին ներհայաստանեան զարգացումների ժամանակ ստանձնած ներգործուն դերակատարութեան եւ հոգեւորականաց դասի հետ ունեցած համատեղ քննարկումների համար, որպէսզի գործընթացներն առաջնորդուեն խաղաղ կարգաւորման եւ հանգուցալուծման:

Այնուհետեւ ԳՀԽ անդամներին խօսքով դիմեց ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը` ուրախութիւն յայտնելով Գերագոյն հոգեւոր խորհրդի հետ հանդիպելու հնարաւորութեան առիթով: «Դուք համայնքներում ամէն օր հանդիպում էք մեր ժողովրդի ներկայացուցիչներին. լինի Արցախում, Հայաստանի հիւսիսում, հարաւում, լինի Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկուայում կամ այլուր: Հետեւաբար, եկել եմ նաեւ ձեզանից լսելու, թէ մեր ժողովուրդն ինչ է մտածում: Եկել եմ նաեւ ձեզ հետ երկխօսելու», – ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահն անդրադարձ կատարեց  Հայ Եկեղեցու դերակատարութեանը հայ ժողովրդի ոգու եւ հաւատի, ընտանեկան արժէքների եւ առ հայրենին սիրոյ պահպանութեան գործում: Տիար Արմէն Սարգսեանն արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին եւ հաւատքը պետականութեան սիւներից են եւ ոչ միայն որպէս ինստիտուտ, այլ նաեւ որպէս մշակոյթ` այն արժէքներով, որոնք Եկեղեցին դաւանում է, որոնցով հարիւրաւոր տարիներ պահուել է հայի ինքութիւնը, պահպանուել է մշակոյթը, կրթուել հայ մանուկները: Նախագահը նկատեց, որ այդ ամէնի մէջ Եկեղեցու ներդրումը հսկայական է եւ արժէքը` աննկարագրելի:

Հանդիպմանը ՀՀ նախագահը պատասխանեց ԳՀԽ անդամների ու եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայրենիքի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու խնդիրներին, Հայաստան-սփիուռք կապերին, ներհայաստանեան իրավիճակին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին