Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան Մայիս 7-ին շնորհաւորական ուղերձ յղած է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինին ՌԴ նախագահի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ: Ինչպէս կը փոխանցէ «Արմէնփրես»-ը, այս մասին կը տեղեկացնեն ՀՀ նախագահի աշխատակազմէն: Շնորհաւորական ուղերձին մէջ կ’ըսուի.
«Յարգարժան Վլատիմիր Վլատիմիրի,
Ի սրտէ շնորհաւորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ:
Ձեր բազմամեայ պետական գործունէութիւնը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգաւաճման եւ այդ երկրի քաղաքացիների բարօրութեան՝ նախանշուած նպատակներին հասնելու հետեւողականութիւնն արժանացրել են Ձեզ բարձր հեղինակութեան եւ հայրենակիցների խորը յարգանքին:
Այսօր ցանկանում եմ յատուկ ընդգծել անձամբ Ձեր հսկայական աւանդը մեր երկրների միջեւ դաշնակցային յարաբերութիւնների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցութեան ողջ լուսապատկերով, այդ թուում եւ համագործակցութիւնը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար եւ այլ ոլորտներում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը եւ հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ ու արդար կարգաւորման հարցում:
Ցանկանում եմ Ձեզ, յարգելի Վլատիմիր Վլատիմիրի, քաջ առողջութիւն եւ նոր յաջողութիւններ Ձեր պետական գործունէութիւնում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցութիւն եւ բարգաւաճում»:






