Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ տիար Արմէն Սարգսեանի եւ առաջին տիկին Նունէ Սարգսեանի հետ:
Վեհափառ Հայրապետն իր շնորհաւորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալութեան արարողութեան առիթով` վստահութիւն յայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառութիւնը պիտի լաւագոյնս ծառայեցուի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թէ՛ հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում:
Նորին Սրբութիւնը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զօրավիգ լինել հայրենի իշխանութիւններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականութեան զօրացման եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում եւ կարելին անել ի սէր եւ ի բարօրութիւն հայրենիքի ու ժողովրդի:
Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին մաղթեց, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերեալ նրա տեսլականն ու իղձերն իրականութիւն դառնան:
Իր հերթին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմէն Սարգսեանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտօնը ստանձնել է` հաւատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց Եկեղեցու հանդէպ: Նա նաեւ կարեւորեց Եկեղեցու համախմբող դերակատարութիւնը:
Զրոյցի ընթացքում Գարեգին Բ. Հայրապետը եւ տիար Արմէն Սարգսեանը խօսեցին նաեւ զանազան ծրագրերի մասին։
Յաջողութիւններ եւ արդիւնաւէտ ծառայութիւն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս կարեւորեց պատասխանատու բոլոր կառոյցների միասնականութիւնը եւ համամտութիւնը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելութիւնը:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար: