Շաբաթ, 07. 09. 2024

spot_img

Վազգեն Սարգսյանը կհպարտանար Հայաստանի գրանցած առաջընթացով. Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը հպարտ կլիներ այն առաջընթացով, որ այս տարիների ընթացքում արձանագրել է Հայաստանի Հանրապետությունը: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչ կփոխվեր, սակայն վստահ եմ՝ եթե Վազգեն սպարապետն այսօր լիներ, հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունը, հպարտ կլիներ տեսնել մեր բանակը, մեր զինված ուժերը, իսկ մենք շատ ավելի ամուր կլինեինք՝ ունենալով ազգային այդպիսի գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացմանը: Սակայն, ցավոք, պատմությունը եթե-ներ չի սիրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա հավելեց, որ քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է՝ ցավով նկատելով, որ մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից, որ իրենց նորագույն պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրներ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Նորվեգիա:

Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը՝ հաշվի առնելով, որ կան տարբեր վարկածներ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես վարկածներ երբեք չեմ մեկնաբանել: Եթե դուք մի փոքր ուսումնասիրեք իմ շփումը հանրության հետ, կտեսնեք, որ ես վարկածներ մեկնաբանելու մեծ սիրահար չեմ: Ես կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, համապատասխան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է նման փուլ իր վայրիվերումներով, և ես առիթ չունեմ մեր դատական համակարգի գնահատականին չվստահելու»:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, զինվորականներ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, Երկրապահ կամավորական միության անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին