Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով մինչեւ տարեվերջ բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, արդեն մարզպետարանի կողմից ուսումնասիրվել եւ ՀՀ ՊՆ բնակարանային հանձնաժողով են ներկայացվել 33 զոհված եւ 6 հաշմանդամ ազատամարտիկների կարիքավոր ընտանիքների փաստաթղթերը:
«Մեր ունեցած նախնական տվյալներով՝ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարն արդեն հատկացվել է այդ ընտանիքներին սերտիֆիկատների տեսքով: Համաձայն սահմանված կարգի՝ կարիքավոր ընտանիքը մարզի տարածքում գտնում է վաճառքի ենթակա բնակարան, ապա պետության կողմից լիազորված ներկայացուցչի միջնորդությամբ պայմանագիր է կնքվում բնակարան գնողի եւ վաճառողի միջեւ, եւ վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում պահանջվող գումարը:
Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մեր կողմից ներկայացված բոլոր կարիքավոր ազատամարտիկների ընտանիքները ձեռք կբերեն բնակարաններ»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը: