Անվիճելի պարտավորությունների դեպքում հարկային մարմինը իրավունք կունենա առանց ծանուցման կատարել արտադատական կարգով բռնագանձում: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Նրա խոսքով` բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն հարկ վճարողը սահմանված ժամկետում չի կատարում անվիճելի հարկային պարտավորությունները, որոնք վերջիններիս կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների արդյունքում են ձևավորվում: «Հարկային մարմինն էլ պարտավորված է ձեռնարկելու որոշակի գործողություններ այդ գումարները հարկադիր կարգով գանձելու համար: Ըստ սահմանված կարգի` անձին պետք է նախապես ծանուցել այդ մասին, հրավիրել նրան լսումների, ստանալ բացատրություններ, հետո գանձման որոշում կայացնել, որը ևս ծանուցվի նրան: Բազմաթիվ են դեպքերը, որ անձինք խուսափում են ծանուցվելուց, գործընթացը փակուղի է մտնում, և հարկային մարմինը չի կարողանում կատարել իր գործառույթները»,- ասաց Արման Մնացականյանը:
Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծով նախատեսվում է նման անվիճելի պարտավորությունների դեպքում հարկային մարմնին թույլ տալ առանց ծանուցման գործողություններ կատարել, քանի որ այդ մասին հարկ վճարողն ինքն արդեն տեղյակ է:
Արման Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է այդ միջոցները ավտոմատ կերպով գանձել հարկ վճարողի բանկային միջոցներից, սակայն օրենսդրական այս նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է և պետք է անցնի հանրային լսումներ: