Դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիան արդեն սկսել է նախապատրաստվել 2018 թվական ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյ Միքայելյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլերին: Օլիմպիական խաղերից առաջ սա մեր վերջին նախապատրաստական շրջանն է: Հիմա ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս փուլի վրա: Ուզում ենք գոնե կրկնել Սոչիի Օլիմպիական խաղերում մեր ունեցած ուղեգրերի թիվը` երկու տղա, մեկ աղջիկ»,-շեշտեց Սարգսյանը:
Խոսելով հավաքականի թիմի անդամների հնարավորությունների մասին՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը փաստեց. «Սերգեյը հիմա 314-րդ տեղում է վարկանիշում, իսկ Խաղերի մասնակցության ուղեգիր տրվում է 300 մասնակցի: Այսինքն` Սերգեյի ուղեգիրը գրեթե իրական է: Միքայելն ունի 105 միավոր, իսկ նրան հարկավոր է 100 միավոր: Թադևոս Պողոսյանի ուղեգիրը ևս հավանական է: Իսկ աղջիկների համար մենք կարող ենք ստանալ «սպիտակ քարտ»-ով: Աշխատում ենք նաև, որ ունենանք մեկ մասնակից լեռնադահուկորդ ևս: Մեր հնարավորությունները 50/50 են: Ամեն ինչ հայտնի կլինի հունվարի 20-ից հետո»:
Հայաստանի դահուկասահքի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ֆինլանդիայում: Հավաքին մասնակցում են Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը: Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանի անձնական նախաձեռնությամբ և միջոցներով հավաքին մասնակցում է նաև Մարիամ Միքայելյանը: