Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է մի շատ պարզ բան՝ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է հետևյալը. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած հանդիպումից հետո ՀՀ Նախագահի հայտարարության կապակցությամբ ադրբեջանական կողմի արձագանքին:
«Դրա շուրջ էլ Ադրբեջանում սկսվել է «վայնասուն»: Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի անկախությունը՝ ձևացնելով, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռևս ԽՍՀՄ օրոք՝ համաձայն վերջինիս սահմանադրության: ԽՍՀՄ փլուզումով երկուսն էլ իրավահավասար են, ավելին՝ Արցախում անկախության մասին հանրաքվեն ավելի վաղ է անցկացվել, քան Ադրբեջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով, կամ հայտարարություններով հարցականի տակ է դնում իր իսկ անկախությունը: «Եթե իր համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է անկախացել»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Անդրադառնալով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ դրանք հայկական կողմը երբեք չի խախտել ու չի էլ խախտի. «Խախտողը միշտ էլ Ադրբեջանն է, որովհետև այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, որպես բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Դա ակնհայտ է, բավական է ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունները, որտեղ բացահայտվել են բանակցությունների սկզբունքները ու համեմատել ադրբեջանական հայտարարությունների հետ»: