Տեղական ինքնակառավարման համակարգում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ՏԻՄ-երի թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացմանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևանում մեկնարկել է «Նորարարությունները և տարածքային զարգացումը որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համաժողովի ընթացքում շնորհակալություն հայտնելով գործընկերներին արդեն երկու իրար հաջորդող տարիներին CORLEAP-ի կոնֆերանսը Հայաստանում կազմակերպելու համար՝ նշեց, որ այն լուրջ ոգևորություն է առաջ բերում Հայաստանի համայնքներում:
«Կարծում եմ, Արևելյան գործընկերության լավագույն ձևաչափերից մեկն է, որը շատ ինտենսիվ նպաստում է մեր երկրում տարածքային և համայնքային գործընթացին: Մենք Հայաստանի Հանրապետությունում տեղական և տարածքային մարմիններում իրականացնում ենք խոշորածավալ բարեփոխումներ և այդ բարեփոխումներում մեր կողքին կանգնած են Եվրամիության մեր գործընկերները: Մենք այսօր խոշորածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Արդեն 1 շաբաթից մեր երկրում շուրջ 350 համայնքում ընթանալու են ընտրություններ, որի արդյունքում կառավարման օպտիմալացման փոփոխություն ենք իրականացնելու համայնքներում և ունենալու ենք միավորված համայնքներ: Դրանք իրենց գործառույթները կանոնակարգելու են, օպտիմալացնելու եկամուտներն ու ծախսերը, բերելու են այնպիսի վիճակի, որը ծառայությունների մատուցման նոր հնարավորություն է ապահովելու բնակիչների համար»,- ընդգծեց Լոքյանը և նշեց, որ այս պրոցեսում, բացի Եվրամիությունից, իրենց կողքին է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն, որն, իր կարծիքով, ամենակարևոր, ամենալուրջ դերակատարումն ունի այս բարեփոխումների ողջ ընթացքում:
Նախարարի խոսքով՝ այս կոնֆերանսով սկիզբ է դրվում մի շատ կարևոր պրոցեսի, որը Եվրամիության շատ երկրներ անցել են, բայց ժամանակն է, որ Հայաստանը նույնպես իր տեղական իշխանություններում ունենա էլեկտրոնային կառավարում:
«Բոլորիս համար հասկանալի է, որ այն ձևով, որով մենք մինչ այժմ աշխատել ենք, դրանք փոքր արդյունավետություն ունեն, և ինֆորմացիայի ցանկացած բլոկ դժվար հասանելի է և՛ բարձրագույն իշխանությունների, և՛ հասարակության համար, և՛ համայնքի բնակիչների համար: Էլեկտրոնային կառավարումն այսօր դառնում է մեր կառավարության հիմնական նպատակներից մեկը: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք տեղական ինքնակառավարման համակարգում ունենանք ժամանակակից տեխնոլոգիայով ապահովված կենտրոններ, որոնք առցանց կհեռարձակեն ամբողջ ինֆորմացիան, որը կա համայնքում՝ սկսած ավագանու նիստերից, ընդունված որոշումներից և վերջացրած նրանով, թե տվյալ պահին համայնքում ինչպիսի իրավիճակ է տիրում: Այժմ մենք որոշում ենք ընդունել, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում պետք է հասնենք շատ բարձր մակարդակի՝ մեր համայնքներում ունենալով լավ համակարգեր»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նա նշեց մի ուրախացնող հանգամանք՝ իրենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, սկսել են մի գործընթաց, որով համայնքներում ստեղծվելու են սոցիալական ծառայությունների օղակներ: Դրանք իրենցից ենթադրում են ամբողջական օղակներ, որոնք շատ կարճ ժամանակից հետո փոխանցվելու են համայնքներին, որպեսզի համայնքն ինքը կառավարի և ինքը աշխատի:
«Շուրջ երկու տասնյակի չափով այդպիսի կենտրոնների աշխատանքները սկսված են, վերջին մի քանի օրում մենք լրացուցիչ ևս 23 այդպիսի կենտրոններ ստեղծելու խնդիր ենք լուծել երկրում: Կարծում եմ, որ այդ կենտրոնները փոխանցվելով համայնքներին, միանալու են մեր համայնքային ինֆորմացիոն կենտրոններին, և այս պրոցեսը դառնալու է մեկ ամբողջություն տեղական և տարածքային խնդիրների լուծումը հեշտացնելու համար»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին շեշտեց, որ համաժողովը վկայում է այն մասին, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի:
«Հայաստանում նման համաժողովների անցկացումը շատ կարևոր է: Մենք հավատում ենք, որ Արևելյան գործընկերությունը Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր որակների կարող է հասնել: Գործիքներից մեկը, որը կօգնի արևելյան գործընկերությանը նոր թեմատիկայով լցվել մինչև 2020 թվականը արդյունքների հասնելու երևույթն է: Դրանք ներառում են գործողությունների լայն շրջանակ` արևելյան գործընկերության 4 հիմնական հենասյուները: Բոլոր այս նպատակները ենթադրում են բոլոր շահառուների ակտիվ մասնակցություն` ներառյալ տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, քանի որ ռեգիոնալ և տեղական իշխանությունները ամենամոտն են կանգնած մարդկանց առօրյա խնդիրներին: Մենք հավատում ենք , որ Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին CORLEAP-ի դերն անչափ կարևոր կլինի: Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների առումով մի շարք կարևոր քայլեր են արվել՝ տարածքային զարգացման ռազմավարությունն է մշակվել, համայնքային կենտրոնների բացման գործընթացն է իրականացվում, ինչպես նաև տեղական զարգացման ռազմավարություններ են մշակվում և ընդունվում»,- ասաց Սվիտալսկին:
Նրա պնդմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանում կարող են ավելի հզոր լինել, ավելի շատ պատասխանատվություն ունենալ ու ավելի շատ ռեսուրսներ կառավարել: ԵՄ-ն փորձում է հնարավորինս աջակցել ՏԻՄ հզորացմանը տարբեր միջոցներով, դրանցից մեկը, իհարկե, փորձի փոխանակումն է:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որը ներառում է մի քանի տեղական համայնքներ, կոնկրետ գաղափարներ և ծրագրեր է ներառում: Արդեն սկսվել է պիլոտային ծրագիրը: Ես բավականին լավատես եմ : Մենք Շատ կարևոր հարցեր ենք այստեղ քննարկելու, որոնք կապված են տեղական ինքնակառավարման մարմինների դերի տնտեսական զարգացման խթանման գործի հետ: Սա շատ կարևոր հարց է արևելյան ընկերակցության բոլոր երկրների համար: ԵՄ–ում մենք կարող ենք հպարտորեն նշել, որ երկու կարևոր նախաձեռնություն դարձել են հաջողության պատմություններ. քաղաքապետերի կոնվենցիան և հիմա արդեն Արևելյան գործընկերությունում երեք քաղաքներից մեկը ներառված է դրանում: Հայաստանում 17 մասնակից ունենք այս նախաձեռնությանը, որը կապված է կայուն էներգետիկայի գործողություններին, որի մեջ ընդգրկված են կես միլիոն ՀՀ քաղաքացի: Տարածաշրջաններում հաջող կերպով իրականացվում են էներգետիկայի կայուն ծրագրեր: Դեռևս մենք առաջարկներ ընդունում ենք 10-միլիոնանոց ծրագրի համար: Այս առաջարկների հրավերը նպաստում է էներգետիկայի արդյունավետության հետ կապված 20 նպատակներին»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Գդանսկի քաղաքապետ, Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչը հետաքրքիր քննարկման ակնկալիքով տեղեկացրեց, որ CORLEAP-ի մեսիջն է տեղական ժողովրդավարության ու բնակչության և տեղական իշխանությունների համագործակցության մակարդակի բարձրացումը և ապակենտրոնացման օրակարգի ձևավորումը: