Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, Հայաստանի նորաստեղծ առաջնությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում:
«Մի քանի տարի առաջ փորձ եղել է մի քանի թիմով առաջնություն անցկացնել, բայց ոչ այս մակարդակով և մասշտաբով: Առաջնության կարող էին մասնակցել 8-9 թիմ: Ցանկացողներ շատ կային, բայց մենք բարձրակարգ խաղացողներ քիչ ունենք. 7 թիմն էլ կարծես շատ է: Մի քանի թիմեր դրսից խաղացողներ կունենան. ինչը և հույս է տալիս, որ նորմալ մակարդակ կլինի: Լիահույս եմ, որ մի քանի տուրից հետաքրքրությունը կմեծանա Հայաստանի առաջնության նկատմամբ, և թիմերն էլ ավելի կուժեղանան: Նույնիսկ օգնում ենք թիմերի, որոնք հագուստի և գույքի խնդիր ունեն` հովանավորներ գտնելով»,–«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը:
Խոսելով առանձին թիմերի մասին` Պողոսյանը շեշտեց, որ գովել է «Շիրակ»-ի բասկետբոլային թիմ ստեղծելը: «Արցախում ևս հետաքրքրված են, և մենք ամեն ինչ արեցինք, որ խաղերն Արցախում անցկացվեն»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:
Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):
Հոկտեմբերի 21-ին կայանալիք մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին: