Երեւանի պետական համալսարանում հոկտեմբերի 19-ին մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին ու մանկավարժներին՝ քննարկելու և վերլուծելու կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնախնդիրները:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր բացման խոսքում, կարեւորելով գիտաժողովի դերը, նշեց, որ այն դրական է ազդում 21-րդ դարի կրթական դերի ըմբռնման վրա: «Չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է: Հենց մանկավարժներն են իրենց փորձով նպաստում երիտասարդ սերնդի զարգացմանն ու կայացմանը»,-ասաց նա:
ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանի խոսքով` գիտաժողովը կնպաստի մասնակից երկրների հետ փորձի փոխանակմանն ու արդյունավետ համագործակցությանը: «Մենք կքննարկենք հարցեր, որոնք այսօր առկա են ե՛ւ գիտության, ե՛ւ կրթության ոլորտում: Մեր նպատակն է հասկանալ եւ ճանաչել, թե ինչպիսի ձեռքբերումներ կան տարբեր երկրներում: Գիտնականների սերտ համագործակցությունը կարող է նպաստել մեր երկրների կրթության և գիտության զարգացմանը», – ասաց Հարությունյանը:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված երկօրյա գիտաժողովին մասնակցելու են եկել Նիդեռլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Վրաստանի կրթական ոլորտի մասնագետներն ու փորձագետները:
Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: