Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը եւ ներառում է հավասարակշռված, ընտանիքը խնայող մոտեցումներ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:
«Քաղաքական որոշումը՝ ունենալ նման օրենսդրական կարգավորում, երեկ չէ, որ առաջացել է: Համապատասխան որոշումն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, երբ Կառավարությունն ընդունեց մարդու իրավունքների ոլորտում համապատասխան գործողությունների ազգային ծրագիրը, ինչը նախատեսում էր համապատասխան կարգավորումներ: Դրան ի պատասխան՝ 2006 թվականին ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ: Իրականում, որեւէ արտառոց օրենսդրական կարգավորում այստեղ առաջարկված չէ, եւ նման օրենսդրություն ունեն աշխարհի 120 երկրներում: Այս օրենսդրական կարգավորումը որեւէ վտանգ չի ներկայացնում մեր ավանդական ընտանեկան արժեքներին, այլ լրիվ հակառակը՝ կարող ենք ասել, որ այն ուղղված է այդ արժեքների ամրապնդմանը»-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը հստակեցրեց, որ այս օրինագիծը միտված է ընտանեկան բռնությունների կանխարգելմանը եւ որեւէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի հետ:
«Շատերը գնահատական են տալիս, որ համապատասխան հանրային պահանջ գոյություն չունի, մի քիչ տարօրինակ է դա լսել այնպիսի մարդկանցից, ովքեր համապատասխան ոլորտում գործունեության որեւէ փորձ չունեն եւ աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում, փաստորեն, չեն կատարել: Այս պահանջի մասին կարող են հնչեցնել այն կառույցները, որոնք ամենօրյա աշխատանք են տանում այս ոլորտում, խնդիրներն են տեսնում: Նախեւառաջ, խոսքը գնում է մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, ովքեր մատնանշում են այն մեխանիզմների բացակայության մասին, որոնք նախատեսված են սույն օրինագծով»,-ասաց Արդարադատության փոխնախարարը:
Նա նաեւ խոսեց վիճակագրական մի քանի տվյալների մասին, որոնք, ըստ փոխնախարարի, բավականին մտահոգիչ են:
«Որոշ մարդկանց թվում է, որ այդ վիճակագրությունն աննշան է եւ ոչ մտահոգիչ, սակայն այդպես չէ: Ոչ մասնագիտական հաշվարկներով՝ օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության դեպքերի հետ: Ընդհանուր սպանությունների տասնյոթ տոկոսն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Մտահոգիչ է նաեւ այն, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի 47 տոկոսը հենց կատարվում է ընտանեկան միջավայրում: Սահմանադրական կարգավորումները հստակ նախատեսում են, որ հասարակության բնական եւ հիմնական բջիջը ընտանիքն է, որը պետք է գտնվի պետության հոգածության ներքո: Սա նմանատիպ հոգածության նշան է»,-եզրափակեց Վիգեն Քոչարյանը: