ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ կնքված համագործակցության շրջանակում այս տարի ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվել են սահմանամերձ 4 համայնքների բուժկետեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բժշկական օգնություն եւ զարգացում կազմակերպության ներկայացուցիչ Ժան-Պոլ Մասնադան, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին եւ ավարտվել հոկտեմբերի 16-ի դրությամբ: 6 միլիոն 600 հազար դրամի ներդրմամբ հիմնանորոգվել են Արփունքի, Նորակերտի, Արեգունու եւ Փամբակի բուժկետերը: Յուրաքանչյուր բուժկետում հիմնանորոգվել են երկու սենյակ, Արփունքում ջրագիծ է անցկացվել, որոշ տեղերում կահավորում իրականացվել: Վերոնշյալ բուժկետերը բերվել են ժամանակակից ու բարեկարգ տեսքի: Միայն մտահոգիչ է անկանոն ջրամատակարարումը, ինչը, կարծում ենք, տեղի իշխանության ուժերով կստանա իր լուծումը: Շինարարության որակը մենք բավարար ենք գնահատել: Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետի հետ կքննարկենք եւ կընդունենք եկող տարվա ծրագիրը, որից պարզ կդառնա, թե որ համայնքների բուժկետերը կընդգրկվեն հիմնանորոգման ցանկում»,-պատմեց Ժան-Պոլ Մասնադան:
«Ֆրանսիական կողմը փոքր բյուջեներով մեզ մոտ արդյունավետ խնդիր է լուծում՝ իր հնարավորությունների չափով օժանդակելով մեր մարզի առողջապահական ձեռնարկություններին: Մենք էլ պետք է հետամուտ լինենք, որպեսզի հիմնանորոգված բուժկետերում ապահովվի մշտական ջրամատակարարում, առանց որի անհնար է պատկերացնել բուժկետերի արդյունավետ գործունեությունը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ֆավորիտ-Մ» կազմակերպությունը:
Խոսրով Խլղաթյան