Չորեքշաբթի, 18. 06. 2025

spot_img

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովում ներկայացվող հետազոտություններն անսպառ նյութ են տալիս աստվածաբաններին և պատմաբաններին

«Նարեկացիական ընթերցումներ» խորագրով գիտաժողովում ներկայացվող հետազոտությունները անսպառ նյութ են տալիս գրականագետներին, աստվածաբաններին և լեզվաբաններին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 17-ին Մատենադարանում կայացած գիտաժողովում նման կարծիք հայտնեցին կազմակերպիչները:

«Հայաստանը նոր պատասխանատվություն է ստանձնել իբրև նարեկացիագիտության խոշոր կենտրոն այն բանից հետո, երբ Հռոմի  Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այս պատմական որոշման հռչակումը աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց աշխարհում ոչ միայն Նարեկացու ստեղծագործության, այլ նաև հայ միջնադարյան ողջ մատենագրության և հայկական մշակույթի հանդեպ: Ահա այս մոտեցմամբ և տեսլականով Հրաչյա Թամրազյանը 2015-ին հիմք դրեց «Նարեկացիական ընթերցումներին»,-ասաց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նախորդ տարվա քննարկումներին գաղափար էր առաջացել ուշադրության կենտրոնում պահել նարեկացիագիտության որոշակի թեմա կամ բնագավառ: Եվ ներկա գիտաժողովը նվիրվեց Նարեկացու հեղինակած տաղերին և գանձերին: «Ոչ մեծ ծավալով այդ գործերից մեզ են հասել ընդամենը երեք տասնյակ, սակայն դրանք հայ միջնադարյան քերթողական արվեստի անգերազանցելի գոհարներ են: Պատահական չէ, որ բանասերներն արդեն երկու դար ուսումնասիրում են նրա ստեղծագործությունները, և դեռ շատ բան կա անելու: Նարեկացու գանձերին ու տաղերին են անդրադարձել Գաբրիել Ավետիքյանը, Նորայր Գոհարյանը, Հակոբ Նաղյանը, Մանուկ Աբեղյանը և այլք: Գանձը որպես գրական երկի տեսակ սկիզբ է առել հենց Նարեկացուց»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, բանասիրության դոկտոր Վարդան Դևրիկյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես գալու համար արտերկրից ժամանել էին նաև անվանի հայագետներ Ժան-Պիեռ Մահեն, Աբրահամ Տերյանը, Թեո Մաարտըն վան Լինտը և այլք:

Ժան-Պիեռ Մահեի կարծիքով՝ երբեմն դժվար է Նարեկացու ստեղծագործությունները ճիշտ ըմբռնել: Աբրահամ Տերյանի խոսքով՝ Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների մասին իր զեկույցում ուշադրություն է դարձրել հատկապես ավանդական ազդեցություններին: «Անշուշտ, Նարեկացին ավանդության ստրուկը չէր, նա ստեղծագործական մտքով ընդարձակել է այդ միստիկ ավանդությունը, որի հիմքն այլաբանական մեկնությունն է»,-ասաց նա:

Ներկայացվեցին նաև նոր լույս տեսած գրքեր՝ Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների անգլերեն թարգմանությունը, որը կատարել է Աբրահամ Տերյանը, «Մատյան ողբերգության» լատիշերեն ծաղկաքաղ թարգմանությունը, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» եռագրության երրորդ հատորը, որը կազմել է Արուսյակ Թամրազյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կարծիքով՝ հայ եկեղեցական և աշխարհիկ գրականությունում Նարեկացին ճանաչվում է որպես հոգու վերածնության ռահվիրա:  «Անքննելի է հայ եկեղեցու եռամեծար վարդապետ Նարեկացու աղոթքի մեծությունը: Նրա տաղերում, գանձերում կարող ենք հանդիպել սրբին իր բացառիկ մարդասիրությամբ: Նարեկացու «Մատյան ողբերգությանն»  ամեն անգամ նորովի է բացատրում Աստծու սերը»,-ասաց նա ու փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատանքն ու օրհնությունը կազմակերպիչներին և մասնակիցներին:

Արդեն երրորդ տարին է, որ Մատենադարանում կազմակերպվում է «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին