Լսողական խնդիր ունեցող մոտ 2000 սոցիալապես անապահով անձեր Հայաստանում ստացան անվճար լսողական սարքեր: Սարքերը տրամադրել է «Սթարկի» ընկերությունը Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի ջանքերով և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին սարքերը տրամադրեցին և տեղադրեցին բրիտանացի և տեղացի մասնագետները:
«Մենք արդեն 10 տարի է, ինչ աշխատում ենք «Սթարկի» հիմնադրամի աջակցությունը Հայաստան բերելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մենք գտանք այն կարիքավորներին, ովքեր լսողական սարքերի կարիք ունեին: Գրանցել ենք 2000 անձի, որոնց համար այժմ առկա է 4000 լսողական սարք: Իսկ ովքեր այս տարի չեն ստացել աջակցություն, գրանցվում են հաջորդ ծրագրով ստանալու համար»,-ասաց աջակցող ընտանիքի ներկայացուցիչ Հայկուհի Կավուկչյանը:
«Սթարկի» հիմնադրամը տարբեր երկրներում կարիքավորներին տրամադրում է լսողական սարքեր: Այս նախաձեռնությամբ նրանք արդեն հանդես են եկել աշխարհի 107 երկրում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: «Կարծում եմ՝ Հայաստանը ևս կընդգրկվի շարունակական ծրագրերում: Նրանք ուզում են, որ աշխարհը լսի, և որպես նվեր մատուցում են «լսողություն»,-նշեց տիկին Կավուկչյանը:
Սարքերը տեղադրելուց զատ ապահովելու են նաև հետխնամք: «Հայաստանում մարդիկ են լինելու, որոնք անհրաժեշտության դեպքում փոխելու են ականջի ներդիրները, խողովակները, տրամադրելու են մարտկոցներ»,-նշեց պարոն Արմեն Կավուկչյանը՝ աջակցող ընտանիքի հայրը:
«Սթարկի»-ի հիմնադիր–նախագահ Բիլ Ասթնը ևս այստեղ է և բարդ դեպքերում անձամբ է տեղադրում լսողական սարքերը: «Մեզ համար շատ կարևոր է լինել Հայաստանում: Կարևոր էր նաև աջակիցներ ունենալ այստեղ, քանի որ այդ գործը չէինք կարող անել միայնակ: Ուստի շնորհակալ ենք, որ մեզ օգնեցին գնահատելու կարիքները և միասին իրագործելու ծրագիրը»,-ասաց Բիլ Ասթնը:
«Արաբկիր»-ի աուդոլոգների թիմը Թամարա Մանուկյանի գլխավորությամբ ևս ակտիվորեն մասնակցում է առաքելությանը: «Սա աննախադեպ ակցիա է: Ծրագրով յուրաքանչյուրին ապահովելու ենք երկուական լսողական սարքով: Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը դարձնել շարունակական: Եթե այս անգամ ներգրավել ենք Երևանը, Վանաձորը, Գյումրին և Տավուշի մարզը, մյուս տարիներին կներգրավենք մյուս մարզերը»,-ասաց Թամարա Մանուկյանն ու կարևորեց ծրագրի մատուցումը հատկապես մեծահասակներին, որոնց համար գրեթե չկան ուրիշ այսպիսի ծրագրեր: