Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը կրթություն-աշխատաշուկա շղթայում առաջացող խնդիրները կարգավորելու, Հայաստանից ուղեղների արտահոսքը կանխարգելելու գործում կարևորում է կրթության ոլորտում մասնավորի ներգրավվածության մեծացումը:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Խաչատուրյանը նկատեց, որ ՏՏ ոլորտն արդեն այս մոդելով աշխատում է, երբ ընկերություններն իրենց ցանկալի աշխատակիցներն ունենալու համար հիմնում են սեփական լաբորատորիաներ ու վերապատրաստում բուհերն ավարտած կադրերին: Պրոակտիվ քայլեր են ակնկալվում նաև մյուս ոլորտներից:
«Մենք ունենք իրավիճակ, երբ մարդը համալսարան է ավարտում, բայց այս կամ այն պատճառով աշխատանք չի գտնում, փորձում ենք հասկանալ, թե ինչու է այդպես»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով` պայմանականորեն վերցնում են ոլորտը ու փորձում հասկանալ, թե այնտեղ տարբեր մասնագիտացումների առումով թվային ի՞նչ պատկեր է, ավարտածներից քանի՞սն են աշխատանք գտել, քանի՞սը` ոչ: Ինչո՞ւ: Եթե չեն գտել աշխատանք, հետո վերապատրաստվե՞լ են, թե ոչ: Վերապատրաստվելուց հետո գտե՞լ են աշխատանք, ի՞նչ ժամկետներում: Ներկայում Հայաստանո՞ւմ են, թե ոչ: Այս հարցերի պատասխանը թույլ կտա մշակել քաղաքականություն, որպեսզի կրթություն-աշխատաշուկա ճեղքվածքը փոքրանա:
Ներկայում ուսումնասիրում են իրավիճակը ՏՏ ոլորտում: «Եթե վերլուծությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացնենք, հետո ավելի բարդ ոլորտ ենք վերցնելու` գյուղատնտեսությունը: ՏՏ-ն հեշտ է, քանի որ մոդելը գործում է, տեղեկատվություն ստանալը հեշտ է: Իրականում այսպիսի վարժություն անելու տեսանկյունից ամենադժվարը ինֆորմացիայի ծավալ գեներացնելն է, ըստ որի կարողանաս ճիշտ եզրակացություններ անել: Գյուղատնտեսության ոլորտում շատ դժվար կլինի, քանի որ գյուղռեգիստրն ամբողջությամբ չի գործում, գյուղատնտեսների, ֆերմերների մեծ մասը հարկային դաշտում չեն, դու չես տեսնում, թե տարեկան որքա՞ն բերք են ստանում, ինչպե՞ս են կադրերն աճում կամ հակառակը, վերապատրաստում ստանո՞ւմ են, թե ոչ»,-նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:
Խաչատուրյանը կարևոր համարեց նաև ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO)` տեքստիլի և կոշկագործության ոլորտը զարգացնելու ծրագիրը, որով այդ ոլորտի հայ մասնագետներին կփոխանցվեն արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման, հմտությունների զարգացման հմտություններ:
ՌՆԿ-ն կրթության ոլորտում նախաձեռնել է կրթության ոլորտում նախաձեռնել են մի շարք ծրագրեր, այդ թվում` կրթության 2018-2030 զարգացման պետական ծրագրի վերանայումը, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարմանհամակարգի բարեփոխումները, բարձրագույն կրթական հաստատությունների նոր օրենքի նախագծի մշակումն ու կրթությանազգային ինստիտուտի գործունեության վերանայումը: