Հինգշաբթի, 17. 07. 2025

spot_img

Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

Հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել են Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:

 Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից ու Թուրքիայից, որոնց մեջ Պոդստամի «Lepsiushouse» անկախ ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Թուրքիայի Իբն Հալդուն համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի պրոֆեսորներ Կարոլ Յանկուն և Ժերար Դեդեյանը, Իսրայելից պրոֆ. Յաիր Աուրոնը, Բուխարեստի հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի պրոֆեսոր Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի Քաղաքական գիտությունների եւ հանրային կառավարման ազգային դպրոցի պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն, Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Հակոբ Մատթևոսյանը: Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

 Կոնֆերանսի 5 նիստերում լսվել են ընդհանուր առմամբ 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, կրոնական, բարոյական և տարբեր այլ ասպեկտները ներառող լայն շրջանակի, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական սփյուռքի պատմությանն ու ներկային առնչվող հարցերին: Յուրաքանչյուր նիստի ավարտին անցկացվել են զեկուցումների վերաբերյալ հարցուպատասխաններ եւ կարծիքների փոխանակումներ:

 Գիտաժողովին ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Կոնֆերանսի նիստերի դահլիճում ցուցադրված էին Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրություններ և գիտական աշխատություններ, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին