Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի կունենա Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնը։ Ծրագրին մասնակցելու են շուրջ 180 երկրի ավելի քան 25 000 պատվիրակ, ինչը ռեկորդային մեծ ցուցանիշ է փառատոնային շարժման պատմության մեջ։
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցեն մոտ 250 երիտասարդ, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր կուսակցությունների երիտասարդական թևեր, երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ։ Պատվիրակների թվում են նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները։
Երիտասարդության և ուսանողության առաջին համաշխարհային փառատոնը տեղի է ունեցել 1947 թվականին։ Այս տարի նշվում է փառատոնային շարժման 70-ամյակը։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան էկոլոգիային և առողջապահությանը, մշակույթին, ավիացիային, համաշխարհային քաղաքականությանը, արդյունաբերությանը, տնտեսությանը, նոր մեդիային առնչվող թեմատիկ քննարկումներ։ Փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը տեղի է ունենում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնի նախապատրաստական հայկական կոմիտեի կազմակերպմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։