«Փոփոխությունների կառավարում» խորագրով 6-րդ տարածաշրջանային մարդկային ռեսուրսների (ՄՌ) համաժողովին գրանցվել են մոտ 200 մասնակիցներ ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպություններից, շուրջ 15 երկրից: Համաժողովի նպատակը կառավարման ոլորտի խորքային հարցերի քննարկումն է: Երկօրյա միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 13-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Համաժողովն ավանդաբար կազմակերպում է «Cascade People & Business» ընկերությունը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան:
«Համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է ստեղծում: Ամեն տարվա թեման հիմնվում է նախորդ տարիներին արված հարցումների վրա: Այս անգամ անդրադարձել ենք փոփոխությունների կառավարմանը, քանի որ դա շատ արդիական է, և բազմաթիվ բիզնեսներ ներկայումս անցնում են փոփոխությունների կառավարման միջով: Այս համաժողովը հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր կազմակերպություններում որոշումներ ընդունող անձինք են»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց «Cascade People & Business» ընկերությանհիմնադիր և գործադիր-տնօրեն Անի Կարապետյանը:
Այս տարվա համաժողովի գործընկերներն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը:
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ուսուցման և զարգացման բաժնի պատասխանատու Ռուբինա Ալումյանի խոսքով` իրենք աջակցում են համաժողովի իրականացմանը, քանի որ շատ են կարևորում արծարծվող թեման: «Մեր բանկը նույնպես փոփոխությունների փուլում է. նոր տեխնոլոգիաներ ենք կիրառում, նոր մոտեցումներ ենք ցուցաբերում: Հուսանք, որ այստեղ արժեքավոր տեղեկատվություն կստանանք, որը հետագայում կքննարկենք մեր գործընկերների հետ ու կփորձենք այն կիրառել գործնական ոլորտում»,- եզրափակեց Ալումյանը:
Համաժողովին հրավիրված էին փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից:
Համաժողովին քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային հարցեր`փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա, փոփոխությունների հոգեբանություն և այլն: Համաժողովին զուգահեռ՝ 2 օրերի ընթացքում, կգործի նաև ՄՌ Էքսպո:
«Cascade People & Business» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն է: Իր գործունեության ութ տարվա ընթացքում միջազգային և տեղական կազմակերպությունների հետ իրականացրել է 150 ծրագիր:
Հայաստանի ՄՌ ասոցիացիան հիմնադրվել է 2010 թվականին: Այն համախմբել է մարդկային ռեսուրսների ոլորտի առաջատար մասնագետների` այդ բնագավառում փորձի փոխանակման, աշխատանքային հարաբերությունների բարելավման, ոլորտի ինստիտուցիոնալիզացման, այդ դաշտի մասնագետների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրականացման նպատակով: