«ԵԼՔ» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը վերաբերում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու հարցին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո մեր առաջին հանդիպմանը հաջորդած իրադարձությունները ստիպեցին արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Եթե այս իրողություններին գնահատական չտրվի, պետք է բոլորս հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ԱԺ դահլիճում, դրանից դուրս եւ առհասարակ ներքաղաքական կյանքում կարող են այսպիսի դրսեւորումներ լինել մեծ կամ փոքր մասշտաբով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանը հորդորեց այս գումարման Ազգային ժողովը չդարձնել հին քաղաքակրթական մշակույթի կրող, այլ այն քաղաքակրթության նոր աստիճանի բարձրացնել:
«Կարծում եմ, այս առումով հանձնաժողովը պետք է անպայման քննի միջադեպը՝ ընդհուպ մինչեւ մանդատի վայր դնելու հարցը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ նորմալ է վերաբերում հանձնաժողովի ստեղծման գաղափարին, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի այդ իրավունքը:
«Կանոնակարգը որեւէ քաղաքական ուժի չի արգելում հանդես գալ նման նախաձեռնությամբ: Ինձ թվում է, այնտեղ ասելիք կլինի: Իսկ միջադեպից հետո մեր գնահատականը տրվել է անմիջապես, ասել ենք, որ նման երեւույթներն անթույլատրելի են: Ինձ թվում է, որ միջազգային պրակտիկայում խորհրդարանական համակարգում նման դեպքեր հաճախակի են լինում, եւ որեւէ Ազգային ժողով ապահովագրված չէ նման դեպքերից»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքական խնդիրները նման կերպ պարզաբանելուց:






