Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներին որսացող երրորդ անձին հայտնաբերելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանական և ընդերքի տեսչությունը կգնահատի, թե ինչ կատեգորիայի արարք է կատարվել։
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց Բնապահպահպանական և ընդերքի տեսչական մարմնի մամուլիխոսնակ Վրույր Պեպանյանը։
«Econews.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա ոստիկանությանը մենք տեղյակ ենք պահել ենթադրյալ որսագողության մասին, և այժմ այն զբաղվում է այդ հարցով, որպեսզի ճշտի իրողությունն ու անձանց ինքնությունը։ Այդ ամենից հետո գործն ընթացք կստանա օրենքին համապատասխան»,- հայտնեցին տեսչությունից։
Օրինախախտ անձանց հայտնաբերումից հետո բնապահպահպանական և ընդերքի տեսչությունը կգնահատի, թե ինչ կատեգորիայի արարք է, և օրենքին համապատասխան պատասխանատվություն կսահմանվի նրանց նկատմամբ։
«Որսագողություն կատարածը ոստիկանության կողմից հարցաքննվում է քրեական գործի շրջանակներում: Մեր տեսչությունը դատական հայցով դիմել է, որպեսզի բնությանը հասցված վնասը փոխհատուցվի: Եթե ապացուցվի, որ միայն որսագողություն է եղել, ապա մեկ անգղի դեպքում 250.000 դրամ տուգանք կսահմանվի, իսկ եթե պարզվի, որ թռչունները նաև վաճառվել են՝քրեական պատասխանատվություն։ Պետք է դեռ ճշտվի, այդ թռչուններն, արդյոք, սպիտակագլուխ անգղնե՞ր են, թե ոչ, նոր միայն որոշվի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ձևը»,- ընդգծեց Վրույր Պեպանյանը։
Հոկտեմբերի 4-ին «econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներ» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների լուսանկարներ՝ անգղների թևերից բռնած։ Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանպորտային միջոցի չի տրամադրվել։ Նկարում երևացող մեքենայի վրա տեղադրվել է այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող։
Ոստիկանությունն արդեն պարզել է սպիտակագլուխ անգղներին որսացած երեք անձանցից երկուսի ինքնությունը։
Երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում եննյութեր։






