Կառավարությունը հավանություն տվեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածության թուլացմանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք, որպես կանոն, շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, և նմանատիպ պայմանագրերը նոտարին ներկայացվեն և վավերացվեն էլեկտրոնային տեսքով: Նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, հարցը տանել կատարման»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ փոփոխությունը կբեռնաթափի դատարանները:
Նրա խոսքով, խնդիրը վերաբերում է արտադատական լուծմանը: «Մենք ունենք արտադատական լուծման հնարավորություն, նոտարի կատարողական մակագրություն, սակայն դեպքերը խիստ սահմանափակ են»,- ասաց նա՝ հավելելով, որ էլեկտրոնային եղանակը կնվազեցնի նաև ծախսերը: «Օրինակ` էլեկտրոնային վավերացման դեպքում պետական տուրքը դառնում է ընդամենը հինգ հարյուր դրամ»,- նշեց Հարությունյանը:






