Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև միջադեպի վերաբերյալ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ միջադեպին մասնակից չի եղել, չի տեսել, թե ինչ է կատարվել: «Ես ուղղակի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել: Արտաշես Գեղամյանի հետ դեռ չեմ խոսել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մելիքյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ նման երևույթները, ընդհանուր առմամբ, դատապարտելի են, սակայն հավելեց, որ ոչ մի խորհրդարան նման իրավիճակներից ապահովագրված չէ: «Երբ կքննարկենք, կհասկանանք, թե ինչ է եղել, համապատասխան արձագանքներ կլինեն»,- ասաց պատգամավորը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքել է այդ հայտարարությունը:






