Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի հիման վրա բեմադրված «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը պատմում է մի պատգամավորի մասին, որը չի կարողանում սուտ խոսել: Իր գործը հեշտացնելու համար նա ստախոս օգնական է փնտրում: Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 5-ին և 7-ին «Բոհեմ» թատրոնում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը:
Ներկայացումը նաև անդրադառնում է կին-տղամարդ հարաբերություններին` հնարավորություն տալով հասկանալ, թե ով է ավելի լավ ստում, կի՞նը, թե՞ տղամարդը:
Գլխավոր դերում հանդես կգա Նարեկ Դուրյանը: Նրա խաղընկերներն են Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթև Միրումյանը: