«Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախաաքսելերացիոն ծրագրի նպատակն է զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Այն աջակցություն կցուցաբերի բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի հայաստանյան փոքր և միջին սկսնակ ձեռնարկություններին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսում այս մասին ասացին կազմակերպիչները:
«Ծրագիրը հնարավորություն կտա նվազեցնել անհաջողությունների թիվը ստարտափների շուկայում և բարձրացնել հաջողության տոկոսը: Այն իր ազդեցությունը կունենա նաև տնտեսությունում: Սկզբնական փուլում կընտրվեն 15 ստարտափ, որոնք կանցնեն 12 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն շրջան,-ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն ու հավելեց, որ աքսելերացիոն այս ծրագրի նախաձեռնությունը կլինի պիլոտային: Հաջողության դեպքում այն կլինի մշտական:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրին աջակցում է նաև կառավարությունը: Եվ կառավարության օրակարգում է մշտական ակադեմիայի ստեղծման գաղափարը:
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնիղեկավար Հոա Բին Աջեմյանի խոսքով՝ գործընկեր Գերմանիայի Դաշնային Հանրապետության և զարգացման նախարարության հետ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրով օժանդակելու են այս հետաքրքիր նախաձեռնութանը:
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի կարծիքով՝ Հայաստանում սկսնակ ստարտափների համար շատ նախաձեռնություններ կան, սակայն այս ակադեմիան նոր շուկա թևակոխող ստարտափների համար է, որպեսզի զարգացնի դրանց հմտությունները: Այն դրանց նաև հնարավորություն կտա հետագայում, ընդարձակվելով, տեղ գտնել համաշխարհային ստարտափ համակարգում:
«Հայաստանը ՏՏ, նորարարությունների ոլորտում աճի վիթխարի ներուժ ունի: Սրա ելակետը հենց սկսնակ ստարտափներն են: Դրամաշնորհները կտրամադրվեն մեթոդական մարզումներին, ցանցային կապերի ամրապնդմանը և շատ այլ նախաձեռնություններին»,- ասաց Աննե Քեմպան:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նաեհերի խոսքով՝ իրենք ուզում են կենտրոնանալ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ուժեղացման ուղղությամբ: «Հատկապես նորարարության բնագավառում մենք մեծ ներուժ ենք տեսնում: Միջազգային ներդրումների և համագործակցության ներուժ ևս տեսնում ենք»,-ասաց նա:
«Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախաաքսելերացիոն ծրագրի նախագծի հեղինակ «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանի խոսքով՝ ծրագրի համար նախանշված են մի քանի ուղղություններ՝ կրթական, բիզնես մոդելի վերանայում, տնտեսական միավորի որոշում և հստակեցում: «Ստարտափները ստանալու են գիտելիքներ՝ շուկայում գտնելու ներդրումներ: Ծրագիրը լինելու է 12 շաբաթ: Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 9-ը»,- եզրափակեց նա:






