Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանը մտադիր է ընդլայնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ և մտադիր է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում: Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում: Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նախարարը՝  ընդգծելով, որ Հայաստանը միացել է «Հորիզոն 2020»-ին, ավարտվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Ընդհանուր ավիացիոն գոտու միանալու» մասին բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:

Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

«Յոհաննես Հանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա ներկայացրեց, որ Յոհաննես Հանի հետ նաեւ քննարկել է տարածաշրջանային խնդիրները՝ Մերձավորարևելյան իրավիճակը, զարգացումները Սիրիայում:

«Պարոն Հանին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին: Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,-ընդգծեց նախարարը:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին