Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ստորագրվելիք համաձայնագիրը կօգնի խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ. Յոհանես Հան

Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ  եւ կայուն Հայաստան, որը կնպաստի հարեւանության հետագա կայունացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հան:

«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի եւ առաջինն է Երեւանում, այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, որը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որը կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են, որովհետեւ այդ ծրագրերի տեսանելիությունն է ապահովվում, այսինքն՝ Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում: Այդ կայունությամբ եւ կարելի է ասել, այդ ոգով Եվրամիությունն ու Հայաստանը շուտով  կստորագրեն համապարփակ եւ խորացված գործընկերության նոր համաձայնագիրը: Դա, ինչպես  նաեւ գործընկերության գերակայությունները կամրապնդեն եւ կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հանը՝ հիշեցնելով, որ Արեւելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արեւելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերության գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:

Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաեւ մյուս երկրների համար: «Մենք շատ շահագրգիռ  ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս  համաձայնագիրն  ի կատար ածվելու:  Այս բեկումնային, նոր  համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա  է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-ընդգծեց նա:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին