Անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը ավելացել է 5-ով: Սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Նախորդ տարի մենք ունեցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աննախադեպ նվազում: Վերջին 20 տարիներին նման վիճակագրություն չէր գրանցվել: Մենք 79 զոհ պակաս ունեցանք 2015թ. համեմատ: Եվ այդ վիճակը պահելն օրեցօր ավելացող տրանսպորտային միջոցների պայմաններում բավականին դժվար է: Պատահարները հաշվետու ժամանակահատվածում աճել են ընդամենը 205-ով, զոհերի թիվը` 5-ով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:
Խաչատրյանի խոսքով` ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախորդ տարի գրանցված նվազման միտումն այս տարի գոնե պահպանվի կամ ավելի նվազի:
Նա նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացում ամբողջ աշխարհում է նկատվում: «Մեր հիմնական խնդիրն է նման պատահարների հետևանքով նվազեցնել զոհերի և վիրավորների թիվը»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը:






