Հայ ժողովրդին դիմագրաված ժամանակակից խնդիրներին վերաբերող թեմաներով համահայկական համաժողովները շատ էական են եւ ավելի քան կենսական՝ ժողովրդի համար թե քաղաքական, թե ընկերական եւ թե ռազմավարական իմաստով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար Սեւակ Հակոբյանը:
«Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առաջնահերթությունները բազմաթիվ էին, որոնք վերաբերում էին Հայաստանի հզորացմանն ու Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությանն ու փոխլրացմանը: Մեր ներկայացուցչական կազմով պատիվ ունեցանք լինել հայրենիքում: Մասնակցեցինք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համագումարին, ինչպես նաեւ այդ շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների: Հայրենիքի մեջ համախմբումը նաեւ առիթ էր աշխատանքներ տանելու կուսակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հայ երիտասարդ սերնդի համար արդիականացող եւ արագ քայլերով առաջ ընթացող հայրենիքն ազգային ներշնչման աղբյուր է: Մենք այս տեսլականով մոտեցանք համաժողովին»,-նշեց Սեւակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ համաժողովի սոսկ գումարման փաստն ինքնին արդեն իսկ գոհացրել է նրանց՝ նկատի ունենալով Հայաստան-Արցախ-Սփյուռք երրորդության ամրապնդման հարցի շուրջ ղեկավարության բաղկացուցիչ ուժերի համախմբումն ու երկխոսության առիթը:
«Հայաստանի ու Արցախի մեջ առկա տարածաշրջանային մարտահրավերները եւ Սփյուռքի մեջ հայապահպանության հարցերը կարեւոր հիմնախնդիրներ են: Ռամկավար ազատական կուսակցության սրբազան պարտականությունն է՝ ինչը, որ իր գոյությունն է հիմնավորում ու արդարացնում, Հայաստան-Արցախ-Սփյուռք անբաժանելի երրորդությունն իրար ամուր կամրջելն է: Դա կարեւոր գործելադաշտ է եղել ամբողջ 96 տարի եւ պիտի լինի ՌԱԿ-ի կարեւորագույն առաքելությունը առաջիկա տարիներին»,-եզրափակեց կուսակցության կենտրոնական վարչության քարտուղարը:






