Աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող Ookla իռլանդական հայտնի ընկերությունը հայկական Ucom ընկերության ցանցը ճանաչել է լավագույնը Հայաստանում: «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: «Մեր ընկերությանը Ookla ընկերության կողմից շնորհվել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց -2017» մրցանակը: Մեկ տարի առաջ, երբ մենք գործարկեցինք 4G+ ցանցը Հայաստանում, դրա շնորհիվ կարողացանք արդիականացնել մեր ցանցը և ավելացնել մեր ներգրավվածությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Իսկ դրա արդյունքում մենք հասանք նրան, որ մոբայլ ցանցի արագությունների աղյուսակում 121 երկրների թվում Հայաստանը 95-րդ տեղից բարձրացավ 51-րդ տեղ: Այսինքն՝ մենք շատ եվրոպական երկրներից, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրներից ավելի լավ ծառայություններ ենք մատուցում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ` ընդգծեց Հայկ Եսայանը:
Ներկայացնելով ընկերության ծրագրերը` Հայկ Եսայանը նշեց, որ առաջիկայում պլանավորում են Հայաստանի ողջ տարածքը ծածկել 4G+ ցանցով: «Նախատեսում ենք նաև մեր ֆիքսված ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության բոլոր քաղաքներում: Առաջիկա մեկ տարում աշխատելու ենք ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ»,- եզրափակեց Եսայանը:






