Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

Չարենցի և Իսահակյանի գործերի հիման վրա գրված մանսուրյանական ստեղծագործությունները կհնչեն Արթիկում և Վանաձորում

 «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները: Հնչելու են Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մատուցմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)։

Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին Վանաձորի Է. Կզարթմյանի անվան դահլիճում և հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին համերգային ծրագրի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Համերգների նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և տոմսերն արդեն սպառված են: Համերգային երկու ծրագրերն էլ ուղիղ հերարձակում  կունենան: Ընդգծեմ, որ օգտագործվել է լուսային, ձայնային բարձր տեխնիկա, որպեսզի մանսուրյանական երաժշտությունը մարդիկ ընկալեն այն ծավալով ու հզորությամբ, որը մենք կարողանում ենք ապահովել Երևանի լավագույն համերգասրահներում»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

… Մաեստրոյի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է այդ դահլիճում, և տեղի մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով:

Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին:

Մաեստրո Մանսուրյանի խոսքով` ինքը սիրում է Արթիկը ու տարիներ շարունակ շեշտել է դա:  Հավատարիմ է եղել քաղաքին, իր ընկերներին մանկության ուսուցիչներին: «Ուրախ եմ և շատ զգացված, որ մշակույթի տունն իմ անունով են կոչելու»,-ասաց Մանսուրյանը:

Խոսելով բանաստեղծների գործերը երաժշտությանը ծառայեցնելու մասին` նա շեշտեց, որ  հայոց լեզուն իր հոգու հայրենիքն է: «Ես մշտապես աշխատել եմ պահպանել այն բարձր պոեզիան, որը Կոմիտասը բերեց, և որը շարունակեց Ռոմանոս Մելիքյանը:  Պետք է երաժշտության մեջ վերադառնալ հայ պոեզիային ու լուրջ բնագավառ դարձնել այն: Լավ է, որ  բազմաթիվ երիտասարդներ գնահատում են դա»,-ընդգծեց Մանսուրյանը:

 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հույս հայտնեց, որ նման համերգները բացառություն չեն լինի և օրինաչափություն կդառնան: «Շնորհակալ եմ մաեստրո Մանսուրյանին, որ արձագանքեց մեր վարած քաղաքականությանը, որի համաձայն` մշակույթը պետք է գնա մարզեր և այնտեղ հզոր ազդակներ փոխանցի մարզերի բնակիչներին: Այդ ազդակները, հույզերը մեր ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնում և բացահայտում են այն ստեղծարար միտքը, որը թաքնված է շատ երիտասարդների մեջ: Հուսանք, որ այս համերգները շարունակական կլինեն»,-եզրափակեց նախարարը:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին