Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Bitlismen ընկերությունն ուսումնական նպատակների համար ստեղծել է հիդրոէլեկտրակայանի փոքր մոդել: Ընկերության արտադրանքը ներկայացված է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում, որը բացվել է սեպտեմբերի 29-ին:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ, ճարտարագետ Գևորգ Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց արտադրանքը ուսանողներին հնարավորություն կտա հասկանալ հիդրոէլեկտրակայանի աշխատանքի հիմնական սկզբունքները: «Ուսանողները մեր արտադրանքի օգնությամբ հնարավորություն կունենան հասկանալ այն ալգոռիթմները, որոնցով կարելի է կառավարել հիդրոկայանը, հասկանալ առավելագույն էներգիայի չափը կոնկրետ ջրաքանակի դեպքում, կառավարել ջրաքանակը, փոփոխել ճնշումը»,- ասաց նա:
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացված հիդրո էլեկտրակայանի փոքր մոդելը ընկերությունը պատրաստել է Հունգարիայի համար: Գևորգ Խաչատրյանն ընդգծեց, որ Հունգարիայի բուհերից մեկը համագործակցելու ցանկություն է հայտնել և ներկայացված մոդելը արտադրել են հունգարացի ուսանողների համար: Ընկերությունը համագործակցել է նաև տեղական բուհերի հետ, համագործակցում է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և արաբական այլ երկրների հետ:






