Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Արեգունի մեքենաներ և մարդիկ» ընկերությունը իր ծառայություններն է առաջարկում արտադրող ընկերություններին, որոնք հնարավորություն կտան բարձրացնել արտադրանքի արտադրողականությունը և կրճատել ծախսերը: Ընկերությունը իր արտադրանքը ներկայացնում է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում:
«Արմենպրես»–ի հետ զրույցում «Արեգունի» ընկերության հիմնադիր Լևոն Թովմասյաննընդգծեց, որ իրենց թիմի առաքելությունն է ընկերությունների արտադրությունը դարձնել էլ ավելի հարմարավետ և շահավետ: «Մենք իրականացնում ենք սարքավորումների, հաստոցների և հոսքագծերի ավտոմատ կառավարման համակարգերի մշակում, ծրագրավորում և կարգաբերում, ինչը արտադրողներին հնարավորություն կտա խնայել ծախսերը, ժամանակն ու ռեսուրսները: Առաջարկում ենք նաև սարքավորումների լրիվ կամ մասնակի արդիականացում և թարմացում: Այսինքն՝ սարքավորումները երկրորդ կյանք են ստանում շատ փոքր ծախսերով»,- մանրամասնեց նա:
Ընկերությունն առաջարկում է նաև հաստոցների և հոսքագծերի էլեկտրական, էլեկտրոնիկայի, օդով աշխատող սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրների բացահայտում և վերանորոգում:






