Միացյալ Թագավորությունը դատապարտել է վայրագություններն ու ջարդերը դեռեւս հարյուր տարի առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ ի պատասխան այն հարցին, թե կարծում է արդյոք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանխեր մի շարք հանցագործություններ՝ Հոլոքոստ, Ռուանդա, և այսօրվա շատ ահաբեկչություններ:
«Միացյալ Թագավորությունը դատապարտում է վայրագությունները և ջարդերը արդեն հարյուր տարի շարունակ: Մենք առաջիններից էինք դատապարտողների թվում այն ժամանակ: Եվ արել ենք այն ժամանակից ի վեր: Այսօր գնացի հուշահամալիր և շատ սրտաշարժ, հուզիչ պահ էր ինձ համար ծաղկեպսակը դնելուց հետո: Այնտեղ պահվում են Միացյալ Թագավորության խորհրդարանի 1915-1916 թթ. բավական փաստաթղթեր: Այստեղ՝ Երևան, հստակ ապացույցներ են բերվել բրիտանական խորհրդարանից, որի անդամ եմ ես և որը դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցածը»,-ասաց նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հավելեց, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիան Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համապատասխան հայտարարություն ընդունեցին, որով բնորոշեցին Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։






