Գեղարքունիքի մարզի Վահան, Աղբերք, Այգուտ, Վարսեր, Ներքին Գետաշեն, Խաչաղբյուր, Ախպրաձոր, Շատվան, Ծովազարդ, Այրք, Վաղաշեն գյուղերում, Ճամբարակ եւ Մարտունի քաղաքներում իրականացման կամ նախագծման փուլերում են գտնվում արոտների ջրարբիացման ծրագրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակ»-ի Գեղարքունիքի մարզի համակարգող Խորեն Բադալյանը, 2017 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ շինարարությունը մեկնարկել եւ ընթանում է Ճամբարակ, Ծովազարդ, Այրք եւ Վաղաշեն համայնքներում: Աշխատանքները նախագծման փուլում են գտնվում Վահան, Այգուտ, Աղբերք, Մարտունի, Ներքին Գետաշեն, Ախպրաձոր, Խաչաղբյուր, Շատվան, Վարսեր համայնքներում: «Վահանում կառուցվելու է 500 մետր ջրագիծ, 2 աղբյուրակապ, 1 խմոց, Աղբերքում՝ 3,2 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 2 խմոց, Այգուտում՝ 3,5 կիլոմետր ջրագիծ, 3 խմոց, 1 աղբյուրակապ, Ներքին Գետաշենում՝ 800 մետր ջրագիծ, 1 խմոց, Վարսերում՝ 1,2 կիլոմետր ջրագիծ, 1 խմոց, Վաղաշենում՝ 16 կիլոմետր ջրագիծ, 3 խմոց, 2 աղբյուրակապ, Ծովազարդում՝ 6 կիլոմետր ջրագիծ, 2 խմոց, 1 պոմպակայան, Մարտունի քաղաքում՝ 1,8 կիլոմետր ջրագիծ, 1 խմոց, Այրքում՝ փարախ, անասնապահի տնակ, 500 մետր ջրագիծ, 1 խմոց, Ախպրաձորում՝ 3,8 կիլոմետր ջրագիծ,1 աղբյուրակապ, 3 խմոց, Շատվանում՝ 3 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 2 խմոց, Խաչաղբյուրում՝ 6,5 կիլոմետր ջրագիծ, 1 աղբյուրակապ, 3 խմոց, Ճամբարակ քաղաքում՝ 2 կիլոմետր ջրագիծ եւ 2 խմոց: Ընդհանուր առմամբ՝ ջրարբիացվելու է մոտ 40 հազար հեկտար արոտավայր: Արոտների ջրարբիացման բոլոր ծրագրերն ավարտված կլինեն 2018 թվականի ամռան կամ աշնան ամիսներին»,-հավաստեց Խորեն Բադալյանը:
Նույն աղբյուրի համաձայն՝ արոտների ջրարբիացման համար ներդրվող գումարը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ իրացված կլինի 2018 թվականի ընթացքում: Բացի այդ, վերոնշյալ համայնքների արոտ օգտագործող ընկերությունները նույն ծրագրի շրջանակներում ստացել կամ ստանալու են ժամանակակից գյուղտեխնիկա:
Խոսրով Խլղաթյան






