Հայաստանում 2008-2016 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Այս տարվա 7 ամսում Հայաստանում գրանցվել է 35 տոկոս աճ: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ այդ ցուցանիշը ավելի կբարձրանա: Աճի տեմպերը պայմանավորված են այդ ոլորտում գործող ընկերությունների ծրագրերի իրականացման, ինչպես նաև արտերկրյա ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հետ»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ՏՏ ոլորտը ներխուժում է տնտեսության բոլոր բնագավառները:
Մարտիրոսյանն ասաց, որ նախարարությունը շարունակ հանդիպումներ և քննարկումներ է ունենում այդ ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ, և, հարկային արտոնություններից զատ, նախատեսվում է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար:
Անդրադառնալով կիբեռանվտանգությանը վերաբերող խնդիրներին՝ նախարարը նշեց, որ արդեն իսկ մշակվել է կիբեռանվտանգության հայեցակարգ, և կիբեռհանցագործների դեմ համակարգված պայքար է տարվելու:






