Այլ երկրներում Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ կառավարությանը հաշվետվություն կներկայացնեն՝ Հայաստանում ներդրումներ ապահովելու համար կատարված աշխատանքների վերաբերյալ: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին: «Մենք տնտեսական բաղադրիչներ և հայտանիշներ ենք սահմանել, որոնց հիման վրա մեր դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու: Ընդ որում, դեսպանատները մենք դասակարգել ենք ըստ երկրների մեծության և հետաքրքրությունների, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:
Համաժողովի մասնակցի դիտարկմանը, թե շատ կցանկանար, որպեսզի համաժողովին մասնակցեին նաև ընդդիմադիր քաղաքական ուժեր, վարչապետը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերի մասնակցության սահմանափակում չկա:
Հայաստանում գյուղացու բարդ կյանքի վերաբերյալ դիտարկմանը ՀՀ վարչապետը պատասխանեց, որ իսկապես գյուղացու կյանքի որակը դեռ բավարար չէ: «Մենք դա չենք էլ թաքցնում, և արդեն առաջարկել ենք գյուղատնտեսությունը զարգացնելու հստակ ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանը:






