Չորեքշաբթի, 25. 06. 2025

spot_img

Հայր և դուստր Սահակյանների կտավները ցուցադրվեցին մեկ հարթակում

     «Հորինվածք», «Ռենուար. աղջկա դիմանկարը», «Ախթամար», «Կանայք», «Պրոլետարներ բոլոր երկրների», «Տեսողություն». այս խորագրերն են կրում նկարիչներ Համբարձում Սահակյանի և Լուսինե Բրայթշայդլ Սահակյանի կտավները: Հոր և դստեր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում:

     «Լուսինեն ինձ համար իսկապես հայտնագործություն էր, և ես շատ ուրախացա և միևնույն ժամանակ զարմացա` տեսնելով նրա կտավները: Ուրախությանս պատճառն այն է, որ Լուսինեն շատ գեղեցիկ նկարներ է ստեղծել, զարմացա, որ, չունենալով նկարչուհու մասնագիտական կրթություն, նա կարողացել է այդքան նրբաճաշակ աշխատանքներ ստանալ»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

     Անդրադառնալով Համբարձում Սահակյանին`Աղամյանն ասաց, որ ինքը նրան վաղուց գիտի և միշտ հրճվել է նրա յուրօրինակ, մեղմ,  ասելիքով լի կտավներով:

    «Նա մեզ ևս մեկ անգամ  մատուցում է գեղեցիկ արվեստ` ներկայացնելով իր վերջին տարիների ստեղծագործությունները: Սիրում ենք Համբարձումի համեստությունը, ազնվությունը»,-եզրափակեց Աղամյանը:

     Նկարիչ Խաչիկ Ազիզյանը շեշտեց, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան ընդունվելիս քոլեջի պատին տեսել է Սահակյանի դիպլոմային աշխատանքը: «Գյուղական պատկեր էր, հրաշալի կտավ, որն ինձ չափազանց տպավորեց ու մինչ օրս հուզմունքով եմ հիշում այդ ստեղծագործությունը: Կարծում եմ` նա մեր առաջադեմ նկարիչներից է»,-ընդգծեց Ազիզյանը:

     Ըստ Համբարձում Սահակյանի` կյանքը դեռ առջևում է: «Սպասում եմ լավ օրերի, որոնց անպայման մասնակից եմ ուզում դառնալ:  Պետք է առաջ քայլել դեպի լույսը, ստվերները հետևում թողնել, տաքություն, ջերմություն գտնել, մարդկանց սիրել, գուրգուրել, փայփայել: Այս ամենն արտահայտել եմ այս կտավներում ու նկարելիս միայն դրական երևույթների մասին եմ մտածել»,-շեշտեց նա:

     Խոսելով դստեր մասին` նկարիչն ասաց, որ Լուսինեն  մասնագիտությամբ բժիշկ է, բայց 2005 թվականից սկսել է նկարել: «Ես հորդորեցի, որ նա հաճախի Մյունխենի գեղարվեստի մասնավոր ակադեմիա ու կրթություն ստանա, հմուտ նկարչուհի դառնա:  Հպարտանում եմ նրանով ու շատ ուրախ եմ, որ միևնույն հարթակում ենք հանդես գալիս»,-ընդգծեց Սահակյանը:

     Ցուցահանդեսին ներկա էին նկարչի հարազատները, գործընկերներն ու արվեստասերներ: Լուսինե Սահակյանը ներկա չէր, քանի որ բնակվում է Գերմանիայում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին